Աղբանոցի վերածված պուրակը մաքրվել է


Սեպտեմբերի 26-ին «Հայաստան — ծառատունկ» ծրագիրը կազմակերպել էր մաքրության աշխատանքներ Ապարանին հարակից Միրաք գյուղի սոչիների պուրակում, որը վերածվել էր ամենաիսկական աղբանոցի: Անտառի տարածքից մի քանի ժամվա ընթացքում դպրոցականների հավաքած պոլիէթիլենային տոպրակների ու պլաստմասե շշերի հսկայական կույտն ավելի ուշ վերածվել է արվեստի գործի:
1994 թվականին ամերիկահայ Քերոլին Մուգարի նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվեց «Հայաստան- ծառատունկ» ծրագիրը, որի նպատակն էր վերականգնել անտառային այն շերտը, որը ոչնչացվել էր սոցիալական և էներգետիկ ճգնաժամի ծանր շրջանում: 21 տարիների ընթացքում Հայաստանում և Արցախում կազմակերպությունը տնկել է 5 միլիոն ծառ: «Այժմ մեծ ուշադրություն ենք դարձնում մասնավորապես բնապահպանական ուսուցմանը, որպեսզի երեխան դեռ փոքրուց սովորի սիրել բնությունն ու հոգ տանի նրա նկատմամբ» ,-ասում է ծրագրի երևանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Քասարջյանը:
Բնապահպանական ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 26-ին «Հայաստան ծառատունկ» ծրագիրը կազմակերպել էր մաքրության աշխատանքներ Ապարանին հարակից Միրաք գյուղի սոչիների պուրակում, որը վերածվել էր ամենաիսկական աղբանոցի: Անտառի տարածքից մի քանի ժամվա ընթացքում դպրոցականների հավաքած պոլիէթիլենային տոպրակների ու պլաստմասե շշերի հսկայական կույտը նկարիչ-մուլտիպլիկատոր Նառա Մուրադյանը փորձեց վերածել արվեստի ստեղծագործության, որը մեր հայրենակիցներին գուցեև կհուշեր, որ բնության հանդեպ նման դաժանությունն ու անտարբերությունը պարզապես անթույլատրելի են:
Աղբանոցի վերածված պուրակի վիճակը զայրացրել էր անգամ երեխաներին, որոնք այս դեպքում իրենք էին ստիպված հորդորել ոչ միայն տարեկիցներին, այլ մեծահասակներին:
Իր աշակերտների հետ պուրակի մաքրման աշխատանքներին ակտիվորեն մասնակցող Երևանի թիվ 130 դպրոցի ուսուցչուհի Կարինե Մանուկյանը պատմեց, որ ուսանողական տարիներին անձամբ մասնակցել է նույն պուրակի ստեղծմանը, որի տեսքն այսօր խիստ հակասական զգացողություններ է առաջացնում:
Տարածքում ոչ աղբաման կար, ոչ էլ աղբահանության հետք, մինչդեռ տարածաշրջանի գլխավոր անտառապետ Գնել Ադամյանն ասաց, որ ամեն շաբաթ պուրակում մաքրության աշխատանքներ են իրականացվում: Ստեղծված վիճակի միակ պատասխանատուն, ըստ նրա, պուրակ այցելող քաղաքացիներն են:
«Ինչու է Միրաք գյուղի սոճիների պուրակը հայտնվել նման ծանր վիճակում», հարցով դիմեցի նաև Արագածոտնի մարզի ավագ անտառապետ Անդրանիկ Ղազարյանին: Նրա պարզաբանմամբ՝ մեկ անտառապետն ի վիճակի չէ վազել հսկայական պուրակի ամբողջ տարածով ու մաքրել յուրաքանչյուրի հետևից թափված աղբը:
Անդրադառնալով «Հայաստան –ծառատունկ» ծրագրի այլ անխաձեռնություններին, նշենք, որ ամենայն հավանականությամբ Շիրակի մարզում կազմակերպությունն առաջիկայում կհիմնի «Ապագայի անտառը»: Երկու հարևան հատվածներում կտնկվեն ծառեր Հայաստանում ծնված աղջիկների և տղաների թվաքանակով: «Ընդամենը երկու տարվա ընթացքում պուրակը կներկայացնի սեռով պայմանավորված աբորտների հետևանքով մեր երկրում ստեղծված մտահոգիչ պատկերը»,-ասում է ծրագրի երևանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Քասարջյանը: