ԿարևորՔաղաքական

ԱՄՆ նախկին դեսպանը հայ- թուրքական արձանագրությունները տապալված է համարում՝ մեղադրելով դրա ճարտարապետներին

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այս պահին հայ- թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարներ չեմ տեսնում,  «Ռադիոլուրին» ասել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը։ «Արձանագրություններն այս առումով տապալվել են։ Անձամբ ես կարծում եմ, որ դրանք սխալ էին եւ դրանց ճարտարապետները փորձում էին միանգամից շատ բանի հասնել։ Բոլոր խնդիրների լուծման փոխարեն ես կառաջարկեի հասարակ քայլ՝ հաստատել դիվանագիտական լիարժեք հարաբերություններ։ Դա թույլ կտար ապահովել հուսալի կապ եւ կողմերից ոչ մեկի դիրքորոշման համար չէր լինի փոխզիջումային։ Ես նման առաջարկ արել եմ երկու երկրների արտգործնախարարներին»,- ասել է  Էվանսը։

Պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին, թե ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածությունը  հնարավո՞ր է վերածվի լայնամասշտաբ պատերազմի՝ դիվանագետը հույս է հայտնել, որ «հակամարտության կողմերը, մասնավորապես Բաքուն, զսպվածություն հանդես կբերեն»։

«Միջադեպը ցանկացած պահի կարող է վերածվել լուրջ հակամարտության եւ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման, որը ներկա պայմաններում կարող է ավելի կործանարար լինել, քան 1990- ականների սկզբին։ Դա ոչ մեկին պետք չէ եւ ամենաքիչը՝ ղարաբաղցիներին։ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների կարեւորությունը ըմբռնելու եւ դրանք լրջորեն ընդունելու ավելի շատ հիմքեր կան»,- նկատել է Էվանսը։

ՀՀ- ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի մամուլի ասուլիսը հայ լրագրողների հետ կազմակերպել էր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը «Երկխոսություն» միջազգային մամուլի կենտրոն» ծրագրի շրջանակներում։

Back to top button