Հասարակություն

Վարչապետը Արմավիրում. մթերողներն ընդունում են բերքը, բայց կվճարեն 6-9 ամսից

satikisahakyan

Արմավիրի մարզի վերամշակող ձեռնարկություններում խաղողի մթերման խնդիրներին լուծում տալու նպատակով այսօր Արմավիրի մարզում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա հանդիպել է խաղող վերամշակող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ, որի արդյունքում  պայմանավորվածություն է ձեռք բերվել  ավելացնել մթերման քանակը:  Վերամշակող ձեռնարկությունների մի մասը ֆինանսական միջոցների սղության պատճառով մթերման դիմաց գումարները կվճարի 6- 9 ամիս հետո:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արմավիրի մարզպետարանում սկզբում հանդիպեց վերամշակող ձեռնարկությունների ղեկավարների հետ, հետո համայնքների ղեկավարների: Խաղողի բերքատվությունն այս տարի  նույնպես բարձր է,  գյուղացիները բերքի իրացման պայմանագրերը կնքել են Երևանի կոնյակի գործարանի, Երևանի կոնյակի, գինու, օղու գործարանի, Iոնյակի տուն «Շահնազարյաններ» ՍՊԸ  ևս մի քանի ընկերությունների հետ, որոնք ունեն իրենց մթերման ծավալները և սահմանված քանակից դուրս խաղող չեն ընդունում:

Արմավիրցի խաղողագործները կանգնել են փակուղու առջև, բերքի մնացած մասը ստիպված են թողնելու դաշտում: Շենավան գյուղից Ալբերտ Հովհաննիսյանն այսօր խաղող էր հանձնում Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում: Պայմանագրով հանձնելու է 57 տոննա, սակայն խաղողի 5 հա  այգում դեռ 60 տոննա բերք կա։ «Վաղը այստեղ կմթերեմ, մի մասն էլ Ծառուկյանի հիմնարկ կտանեմ՝ 20 տոննա, 40 տոննա դաշտում է մնում, մի բան պտի անեմ, չգիտեմ»,- անորոշությունից շվարել էր 70 ամյա խաղողագործը:

Խաղող մթերողները ձեռնարկութնունների հետ ունեն մեկ այլ խնդիր՝  պայմանագրերի անվանափոխության: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ գործարաններում պայմանագրերը կնքվել են հողատիրոջ անվամբ, սակայն նրանց մահվան պատճառով գործարանները մերժել  են զավակների հետ պայմանագրեր կնքել և խաղող մթերել:

Վարչապետը վերամշակող ձեռնարկություններին առաջարկեց պայմանագրերը վերակնքել ընտանիքի մյուս անդամնների հետ և շարունակել գործընկերությունը:

«ՍԱՄԿՈՆ» կոնյակի գործարանը խաղողը ընդունում է առանց պայմանագրերի, հերթագրմամբ մթերելու է 5000-6000 տոննա,իսկ մթերման դիմաց վճարելու է 6-9 ամիս հետո: Նույնկերպ է  մթերում նաև  կոնյակի տուն «Շահնազարյաններ» ՍՊԸ:  Ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շահնազարյանը տեղեկացրեց, որ արդեն 4 օր խաղող են մթերում Մյասնիկյանի գործարանում , նախատեսել են մթերել 6 հազար 500 տոննա, սակայն վճարելու են մարտ ամսվա ընթացքում, սակայն ի տարբերություն մյուս ձեռնարկությունների պայմանագիր կնքած խաղողագործների հետ քանակի սահմանափակում չունեն:

Մյասնիկյանի գործարանում ընդունվում են միայն կոնյակի հումք հանդիսացող խաղողի սորտերը: Ինչու են ուշ վճարելու գյուղացիներն՝ «Ռադիոլուրի» հարցին Հայկ Շահնազարյանը պատասխանեց՝ պատճառները շատ են, այն կապված է և ռուբլու փոխարժեքի անկման, և տեղում կոնյակի արտադրանքի իրացման հետ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Արմավիրի մարզի խաղող վերամշակող մի քանի ձեռնարկություններ, ծանոթացավ մթերման պայմաններին:  Վարչապետը հույս հայտնեց աջակցելու խաղողագործներին և վերամշակող ձեռնարկություններին խաղողի մթերման գործում: «Մենք կաջակցենք և խաղողագործին՝ խաղողն իրացնելու գործում, և վերամշակող ձեռնարկություններին՝ գյուղացիներին վճարելու: Պետք է բանակցենք բանկերի հետ և օգնենք վերամշակող ձեռնարկություններին վարկեր ստանալու հարցում»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը հանդիպեց նաև համայնքների ղեկավարների հետ, լսեց նրանց հոգսերը, սակայն համոզիչ պատասխան չտվեց այն խնդիրներին, որոնք չէին վերաբերում խաղողի մթերմանը:

Նոր Կեսարիայում գյուղացիների առաջ ծանրացել է սոխի իրացման հարցը, գեղակերտցիների՝ վարունգի: Եթե սոխի մթերումը մարզպետի աջակցությամբ կարող է կազմակերպվել պաշտպանության նախարարության կողմից, ապա վարունգի իրացումը դեռ անհանգստացնող է։ Բացի այդ՝ վարունգ մշակող գյուղացիները կրել են զգալի կորուստ, բերքի մեծ մասը թափել են, կամ մնացել է մարգերում: Գեղակերտի գյուղապետ Սերյոժա Առաքելյանի հարցին՝ գյուղացիներին կրած կորստի դիմաց փոխհատուցում կնախատեսվի՞, վարչապետը բասացասական  պատասխան տվեց:

Back to top button