Պերսեպոլիսի եւ Էրեբունու զուգադրությունը՝ Եվրոպական ժառանգության օրերում


Ամեն տարի սեպտեմբերին Եվրոպական մշակութային կոնվեցիային միացած 50-ից ավելի եվրոպական երկրներում անցկացվում են «Եվրոպական ժառանգության օրեր», որի ընթացքում էլ հնարավորություն է ընձեռվում ճանաչել և ուսումնասիրել պատմամշակութային և բնության հուշարձանները, մասնավորապես նրանք, որոնք սովորաբար այցելելի չեն: Հայաստանը ծրագրին առաջին անգամ միացել է 2000 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ, սակայն փոքր դադարից հետո 2004 թվականից այն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների բազմաթիվ մշակութային օջախներ և պատմաճարտարապետական հուշարձաններ: « Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրն այս տարի անցկացվելու է «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների ավելի քան 90 մշակութային օջախներ «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակներում իրենց բազմաբովանդակ ծրագրերը կներկայացնեն տեղացի և օտարերկրացի հյուրերին: Ծրագիրը հասարակությանը՝ մասնավորապես երիտասարդներին, հաղորդակից է դարձնում սեփական մշակութային ժառանգությանը՝ շեշտելով վերջիններիս դերակատարությունը և ակտիվ մասնակցությունը ժառանգության պահպանության գործում:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանը, որտեղ էլ տրվեց միջոցառումների մեկնարկը, այս տարի Եվրոպական ժառանգության օրերին կմիանա միջոցառումների հատուկ ծրագրով:
Թանգարանի ներքին բակում ներկայացվող պատկերազարդ պաստառների ցուցահանդեսն իր այցելուներին մտովի կտեղափոխի ուրարտական և աքեմենյան դարաշրջաններ՝ ներկայացնելով համաշխարհային ժառանգության մաս կազմող եզակի հուշարձանի՝ Պերսեպոլիսի և Հայաստանի հնագիտական ժառանգության կարևոր արժեքի՝ Էրեբունիի պատմությունն ու մշակույթը:
Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանն իր խոսքում նշեց, որ այս ցուցահանդեսը վառ ապացույցն է նրա, որ երկու ժողովուրդները դեռ վաղ անցյալից մշակութային համագործակցությամբ կապված են եղել միմյանց: «Այնտեղ, այն խաչմերուկներում, որտեղ մշակությաին համագործակցությունը եղել է և երկու ժողովուրդները համատեղ են կարողացել կերտել իրենց մշակույթները, այսօր դրա վառ ապացույցը կլինի այս ցուցահանդեսը»:
Սակայն արգելոց-թանգարանը ծրագրի խորագրին համահունչ կազմակերպել է մեկ միջոցառում ևս ՀՀ մշակույթի նախարարության Երաժշտագիտական գրադարանի հետ համատեղ: Սեպտեմբերի 26-ին գրադարանի անձնակազմից կազմված երգչախումբը ներկայացնելու է «Վանի տարածաշրջանի ժողովրդական երգարվեստը»:
Երաժշտական գրադարանի տնօրեն Գուլո Նահատակյանի տեղեկացմամբ՝ գրադարանը կազմել ու հրատարակության է հանձնել «Եղեռնապատումը երաժշտության մեջ» մատենագիտությունը, որտեղ էլ ընդգրկված են 252 երաժշտական ստեղծագործություններ՝ նվիրված հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Արևմտյան Հայաստանի բանավոր երգերի նոտագրված տարբերակը, որոնք էլ պատրաստվել են հետագա կատարումների համար:
Այսօր միջոցառման շրջանակներում Հայաստանի և Իրանի ԻԿՕՄ-ների ու Հայաստանի ԻԿՕՄՕՍ-ի հետ կնքվեց նաև եռակողմ հուշագիր, որով էլ ազդարարվեց երկու երկրների միջև առավել ակտիվ համագործակցությունը: Իրանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեի նախագահ Սայեդ Մուհամեդ Բեհեշթիի խոսքով՝ այս հուշագիրը մեծ դերկատարություն կունենա երկու ազգերի մշակույթների պահպանության հարցում:
«Այս հուշագրով մենք շատ մեծ հաջողություններ կարձանագրենք: Մեր մշակույթներում շատ նմանություններ կան և մենք կարող ենք համատեղ աշխատանքի շնորհիվ զարգացնել մեր մշակույթները: Իսկ նմանօրինակ ցուցահանդեսները հնարավորություն կտան երկու ժողովուրդներին ծանոթանալ մեկմեկու մշակույթներին»,- ասում է Իրանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեի նախագահը:
Արգելոց –թանգարանում իրականացվող միջոցառումները կավարտվեն ուրարտական և աքեմենյան հնագույն մշակույթների վերաբերյալ հետաքրքիր դասախոսություններով, որոնք կանցկացնեն Իրանի և Հայաստանի հնագիտության, մշակույթի և արվեստի լավագույն մասնագետները: