Մահացել է վաստակավոր արտիստ Սերգեյ Կարապետյանը


82 տարեկան հասակում մահացել է հանրապետության վաստակավոր արտիստ, Ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի դուդուկահար Սերգեյ Կարապետյանը։
1947թ-ից նվագել է գուսան Սմբատի, իսկ 1949թ-ից՝ Վարդան Բունիի խմբերում: 1952թ ընդունվել է ֆիլհարմոնիայի ժողգործիքների անսամբլ, որի ղեկավարն էր քամանչահար Գուրգեն Միրզոյանը: Այս անսամբլում էին աշխատում երգչուհիներ Շողիկ Մկրտչյանը, Վերգինե Բաբայանը, դուդուկահար Լևոն Մադոյանը, թառահար Ալեքսանդր Սարգսյանը, քամանչահար Խաչատուր Ներսիսյանը, քանոնահար Մարտին Հովհաննիսյանը և ուրիշ հայտնի երգիչներ ու կատարողներ:
Սերգեյ Կարապետյանը զորակոչվելով խորհրդային բանակ, այստեղ եղել է բանակային փողային նվագախմբի կլարնետահար-մենակատար, իսկ զորացրվելուց հետո՝ 1955թ. Շարունակել է հանդես գալ ժողովրդական գործիքների տաբեր համույթներում։
Որպես պրոֆեսիոնալ երաժիշտ սկսել է հանդես գալ 1964թ –ից, երբ ընդունվել է Ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլ՝ որպես դուդուկահար: Եղել է առաջին դուդուկահար Վաչե Հովսեփյանի օգնական-փոխարինողը: 1978թ նշանակվել է անսամբլի առաջին դուդուկահար-մենակատար և միաժանակա դուդուկահարների խմբի կոնցերտմեստեր:
Սերգեյ Կարապետյանը 1978-1988թթ դասավանդել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դուդուկի-շվիի դասարանում։ Ունեցել է տասնյակ աշակերտներ, որոնք տարբեր երկրներում մասնակցելով երաժշտական մրցույթների արժանացել են պատվավոր մրցանակների:
1986թ Սերգեյ Կարապետյանին շնորհվել է հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:
Դուդուկով, կլարենտով և զուռնայով կատարումները ձայնագրվել ու պահվում են Հանրային ռադիոի Ոսկե Ֆոնդում։ Բացի այդ՝ Սերգեյ Կարապետյանի կատարումները թողարկվել են 2 ձայնասկավառակներում, 2 ձայներիզներում, 3 լազերային ձայնասկավառակներում և 2DVD-ներում:
Վերջին 35 տարիների ընթացքում Սերգեյ Կարապետյանը մենահամերգներով հաճախակի հանդես է եկել հեռուստատեսությամբ և ռադիոյով, մասնակցել է համերգների Հայաստանում և աշխարհի շատ երկրներում: