Ի՞նչ կարելի է վերցնել ԵՄ ասոցացման վրացական փորձից. քննարկումներ Թբիլիսիում


Թբիլիսիում այս օրերին հավաքվել են Արևելյան գործընկերության վեց երկրների քաղաքացիական հասարակության ներկայցուցիչները` Ասոցացման համաձայնագրի և դրա մասը կազմող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի իրականացման ընթացքը քննարկելու նպատակով: Հիշեցնենք, որ այս համաձայնագիրն արդեն ստորագրել են Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Իսկ Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը, որոնք չեն ստորագրել այն, մասնակցում են քննարկմանը` փորձելով պարզել, թե այդ համաձայնագրից ինչը կարելի է կիրառել իրենց երկրներում:
2009թ., երբ մեկնարկեց Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը, հետխորհրդային 6 պետությունների` Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ադրբեջանի կառավարությունները հայտարարեցին ժողովրդավարության և մարդու իրավունքների, օրենքի գերակայության և մյուս ոլորտներում հետևել Եվրամիության չափանիշներին:
ԵՄ հետ բանակցությունների ավարտին, սակայն, այս երկրներից միայն երեքը` Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան, հաղթահարելով մի շարք արտաքին դժվարություններ, ստորագրեցին համաձայնագիրը:
Ի՞նչ տվեց այն Վրաստանին: Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Վրաստանի ազգային պլատֆորմի համակարգող Լաշա Տուգուշին նշում «Չպետք է կարծել, թե ստորագրեցիր, ուրեմն միանգամից արդեն ապրում ես զարգացած, ժողովրդավարական երկրում։ Այդպես չի լինում, պետք է շատ ջանք գործադրել: Ուղղակի այս համաձայնագիրը մեզ տալիս է հնարավորություններ, բացում փակ դռներ»:
Ըստ նրա, Եվրոպայի օգնությամբ երկիրը քայլ առ քայլ բարձրացնում է մակարդակը բոլոր ոլորտներում։ «Մենք, այսպես ասած, ունենք տնային առաջադրանք և ջանքեր ենք գործադրում այն հաջողությամբ հանձնել վերջնաժամկետին»:
Հայաստանը համաձայնագիրը չստրոգրած երկրների շարքում է: Մինչ ԵՄ- ն սպասում էր, որ Հայաստանը նույնպես, ինչպես և որշված էր, կստորագրի այն, անակնալ որոշում կայացվեց` միանալ Ռուսաստանի գլխավորությամբ ձևավորված Եվրասիական տնտեսական միությանը: Միևնույն ժամանակ՝ Հայաստանի իշխանությունները պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը ԵՄ հետ: Եվ ահա այսօր Եվրամիության ու Հայաստանի միջև ընթանում են բանակցություններ նոր շրջանակային համաձայնագրի վերաբերյալ:
«Ուսումնասիրելով Վրաստանի օրինակը՝ փորձում ենք հասկանալ, թե Ասոցացման համաձայնագրի և Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բովանդակության մեջ ինչն է կիրառելի Հայաստանի պարագայում և ինչին չի խոչընդոտում ԵՏՄ անդամակցությունը: Դրանից ելնելով՝ կմշակենք առաջարկներ` հանձնելով դրանք Հայաստանի իշխանություններին ու ԵՄ, որպեսզի այդ առաջարկները ներառվեն նոր շրջանակային համաձայնագրում»,- ասում է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Միքայել Հովհաննիսյանը:
Նա նշում է, որ ինչպես այն ժամանակ, երբ Հայաստանը բանակցում էր ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ, այնպես էլ այսօր համաձայնագրի բովանդակությունը հասանելի չէ հանրությանը։
«Եվ, ըստ էության, սա միակ ձևն է` առանց տեղյակ լինելու համաձայնագրի բովանդակությանը, փորձել ինչ-որ կերպ նպաստել դրան` կիրառելով այլ երկրների դրական փորձը: Մենք տեսնում ենք, որ օրինակ Վրաստանը ԵՄ հետ իրականցնում է առողջապահության համակարգի բարեփոխում և դա չի հակասում ԵՏՄ պարտավորություններին։ Մենք դա ադապտացնում ենք հայկական իրականությանը, ձևակերպելով որպես առաջարկ, որ այն ներառվի նոր շրջանակային համաձայնագրում»:
Եվ այսպես՝ ֆորումի հայ մասնակիցները փորձում են հասականալ, թե որ ոլորտի բարեփոխումը կարելի է իրականացնել Հայաստանում: Սակայն նրանք նշում են, որ կան բազմաթիվ սահամանափակումներ, որոնք հիմնականում վերաբերվում են ազատ առևտրին ու մաքսային հարցերին: