Հասարակություն

Առաջարկում են «Էրեբունի- Երեւան»- ի գումարի մի մասը հատկացնել սահմանամերձ գյուղերին

lenabadeyan

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնող խմբի անդամներն այս տարի կոնկրետ առաջարկ ունեն Երեւանի քաղաքապետարանին: Առաջարկում են «Էրեբունի-Երեւան» տոնակատարություններին հատկացվող գումարի մի մասը հատկացնել սահմանամերձ բնակավայրերից մեկին՝ բազում խնդիրներից մեկի լուծման համար: Այս նպատակով կազմակերպվել է ստորագրահավաք՝ էլեկտրոնային տարբերակով հավաքվել է շուրջ 2000 ստորագրություն:

Ըստ նախաձեռնության անդամների՝ այստեղ խնդիրը նաեւ հոգեբանականն է՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին ցույց տալ, որ Երեւանի բնակիչները պատրաստ են կանգնել իրենց կողքին եւ միայնակ չթողնել խնդիրների հետ:

 

Եթե պետությունը բյուջեից գումար չի կարողանում տրամադրել սահմանամերձ համայնքների խնդիրների լուծմանը, ապա Երեւանի բնակիչները պատրաստ են հրաժարվել իրենց մատուցվող ինչ-ինչ ծառայություններից: Մասնավորապես՝ Երեւանի քաղաքապետարանին ակտիվիստների մի խումբ առաջարկում է «Էրեբունի-Երեւան»  տոնակատարություններն այս անգամ անցկացնել առանց ճոխությունների եւ հատկացված գումարի մի մասն ուղղել սահմանամերձ բնակավայրեր:

«Ներկա պահին, երբ վիճակը բավականին լարված է սահմանում, ավելի առաջնային խնդիր է ապաստարանների հարցը: Բազմաթիվ սահմանամերձ բնակավայրերում ապաստարաններ չկան: Կարելի է այս տարի տոնակատարությանը հրավառություն չանել, այդ գումարով սահմանամերձ ինչ որ բնակավայրերում կոնկրետ հարց լուծել»,- առաջարկն այսպես են մեկնաբանում նախաձեռնության հեղինակները

Ի դեպ՝ նրանք նշում են, որ այդ աջակցությունը կարելի է տալ ոչ թե տոնի հաշվին, այլ՝ փոխությունների։ « Միայն սովորական շապիկների, գլխարկների եւ դրոշակների վրա այնքան գումար է ծախսվում, որ կարծես ամեն տարի նոր դրոշակներ են պատրաստում»,- նկատում է նախաձեռնող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը։

Սա, ի դեպ, միակ ճոխությունը չէ, որի մասին հիշեցին: Կա աղմկահարույց եւս մեկ օրինակ, երբ Երեւանի քաղաքապետարանը «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների ժամանակ միայն 30 մլն դրամ էր ծախսել՝ թանկարժեք կոնյակներ ու բաժակներ գնելու եւ հյուրերին նվիրելու համար: «Դա թողնում եմ իրենց խղճին: Եթե թանկանոց բաժանկներով կոնյակ խմելը հավասարազոր է սահմանում բնակավայրի օգնելուն՝ համեմատականներ ես որ չեմ տանում, որովհետեւ ինձ համար դա բարոյական սահմանից դուրս է»,- ասում է Սոֆյան։

Ի դեպ՝ քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Գեւորգյանն արդեն պատասխանել է նախաձեռնությանը՝ Ֆեյսբուքի իր էջում կատարելով գրառում ու նախաձեռնությունը որակելով «այսրոպեական դիվիդենտներ շահելու փորձ»։ «Չմոռանանք, որ այդ օրվա միջոցառումների ֆինանսավորման մեծ մասը կատարվում է մասնավոր հատվածի կողմից ու հենց Երեւանի հիմնադրմանը նվիրված տոնակատարության անցկացման նպատակով, այլ ոչ թե` ըստ ցանկության այն տնօրինելու»,- գրել է Արթուր Գեւորգյանը եւ անտեսելով, որ վերջին երկու օրերին սահմանային լարման հետեւանքով ունենք 7 զոհ, կոչ է արել համաքաղաքացիներին բարձր տրամադրությամբ նախապատրաստվել մայրաքաղաքի ծննդյան տոնին:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնող խմբի անդամները նշում են, որ դեմ չեն տարատեսակ տոնակատարություններին, բայց այս հարցում էլ պետք է արդարություն լինի, կարծում է նախաձեռնող խմբի անդամ Սուրեն Էյրամջյանը: «Անշուշտ՝ անհրաժեշտ են տոնակատարությունները, բայց, ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ ճնշող մեծամասնությունը բոլոր տոնակատարությունների բաժին են հասնում Երեւանին: Վատ չէր լինի, որ տոնակատարությունների մի մասը տեղափոխվեին նաեւ սահմանային գոտիներ»։

Նախաձեռնող խմբի անդամներն այս քայլով նաեւ զուտ բարոյական աջակցություն են ցուցաբերում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին՝ ցույց տալով, որ գոնե շարքային քաղաքացիներն իրենց կողքին են: Արդեն 2000-ից ավելի ստորագրություն է հավաքվել՝ քաղաքապետարանին դիմելու համար:

Back to top button