Հասարակություն

Մյուռոնի օրհնության արարողությանը կմասնակցի Հռոմի պապի ներկայացուցիչը

Սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Արևելյան Եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին: Կարդինալ Սանդրին` իբրև Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ներկայացուցիչ, Մայր Աթոռի հրավերին ընդառաջ ժամանել է Հայաստան` մասնակցելու Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը:

Ողջունելով Արևելյան Եկեղեցիների ժողովի նախագահին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ վերջինիս այցը Մայր Աթոռ վկայությունն է Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա եղբայրական ջերմ հարաբերությունների:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հռոմի Ֆրանցիկոս Պապի կողմից ապրիլի 12-ին Վատիկանի Ս. Պետրոսի տաճարում մատուցված սրբազան Պատարագի արարողությանը:

Վերջում Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ միջեկեղեցական գործակցության մեջ սերն ու զորակցության ոգին շարունակեն մշտապես ուղեկից լինել Քրիստոսի Եկեղեցուն:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը:

Back to top button