Տնտեսական

ՀՀ նախագահն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր այցելել են «Մեգերյան կարպետ» ընկերություն, որն արտադրում է տարբեր դիզայնի և խտությունների ձեռագործ գորգեր: Ընկերությունն իր գործունեության հիմնական նպատակներից է համարում աշխարհում սփռված հայկական մշակութային արժեքների պահպանումը, վերականգնումը և վերարտադրությունը: Վերջին տարիներին ընկերությունն զբաղվում է նաև հին ձեռագործ գորգերի վերականգնմամբ և վերանորոգմամբ:

Հանրապետության նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանն ընկերության «Հովհաննես և Նոյեմի Մեգերյան» հայկական ձեռագործ գորգերի թանգարանում շրջայցի ժամանակ ծանոթացել են ժամանակակից Հայաստանի տարբեր տարածաշրջանների, Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հին գորգերին, գորգագործների տեղամասում դիտել աշխատանքային գործընթացը: «Մեգերյան կարպետի» ցուցասրահներում նրանց ներկայացրել են նաև նոր ձեռագործ գորգերը:

Ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում՝ Եգիպտոսում, Պակիստանում, Աֆղանստանում, Չինաստանում, Հնդկաստանում, Ռումինիայում: «Մեգերյան կարպետ» ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2000թ.: Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ընկերության կողմից վերաբացվել են նախկին 20 արտադրական մասնաճյուղերը:

«Մեգերյան կարպետի» պատասխանատուների հավաստմամբ, մինչև տարեվերջ նախատեսվում է ևս երկու հայաստանյան մասնաճյուղերի վերագործարկում, որը հնարավորություն կտա ավելացնել և՛ արտադրության ծավալները, և՛ աշխատակիցների թիվը:

Back to top button