Տնտեսական

ՀԷՑ- ի գնորդը միջանկյալ ընկերություն է, որոշ ժամանակ անց այն կվաճառի արդեն իրական սեփականատիրոջը. քննարկում ՀԷՑ- ի շուրջ

karenghazaryan

ՀԷՑ-ը վաճառքի հանելու խնդրին են այսօր անդրադարձել «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած քննարկման մասնակիցները: Նրանք որոշումը տարօրինակ եւ հապճեպ են գնահատել՝ տրամաբանական համարելով, որ պետք էր սպասել ոլորտում անցկացվող աուդիտի ավարտին: Քննարկման մասնակիցներն այն կարծիքին են, որ գործարքի հետեւում կա ստվերային գործընթաց:

 

ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը զարմանք հայտնեց՝ երբ բոլորը սպասում են, որ ՀԷՑ-ում պետք է աուդիտ լինի եւ բացահայտվեն համակարգի չարաշահումներն ու խախտումները, հանկարծ խոսվում է վաճառքի մասին: «Այդ պրոցեսը դեռ չսկսած կամ չավարտված՝ հանկարծ վաճառքի մասին է խոսք գնում: Պարզ է, որ տարօրինակ է եւ այստեղ ակնհայտ կան ստվերային գործարքներ, ինչը ապացուցվում է մեր տեղեկությունների հիման վրա»:

Ընդդիմադիր պատգամավորի փոխանցմամբ՝ իրենք արդեն 3 ամիս մասնագետների աջակցությամբ աշխատել են եւ բացահայտել բազմաթիվ խախտումներ ու անբացատրելի երեւույթներ, որոնք կներկայացնեն հանրությանն ու դատախազությանը: Ամենուրեք հանցագործության հոտ է գալիս, հավելեց ընդդիմադիր պատգամավորը:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով նույնպես՝ վերջին շրջանում ՀԷՑ-երի շուրջ ծավալված իրադարձությունները պետք է թելադրեին, որ անհրաժեշտ է սպասել աուդիտի ավարտին: «Մենք պիտի որպես սպառողներ իմանայինք, թե ինչ է կատարվում այնտեղ, որ հետագա գնորդները, ովքեր որ կլինեն, նմանատիպ գործառույթներ՝ խախտումներ, չարաշահումներ չանեն»:

Կան խնդիրներ, որոնք բարձրաձայնվել են, սակայն, արձագանք չեն գտել: Այս առումով նույնպես կարեւոր էր նաեւ որակյալ աուդիտը՝ նոր գնորդների առջեւ դնելու համար, ասաց բանախոսը: Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ որեւէ նորմալ երկրում նման համակարգերում, օրինակ, 10 տոկոսից ավելի կորուստներ չեն կարող լինել եւ հենց այդ կորուստների մեջ են թաքնված նաեւ որոշակի չարաշահումներ: Հենց այդ ամենի համար էր անհրաժեշտ աուդիտի արդյունքներն ունենալը, կարծում է Վազգեն Սաֆարյանը:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը կասկածում է, որ աուդիտն այդքան անհրաժեշտ էր պետության համար, քանի որ դա կարող էր ավելի շուտ արվել.  չէ՞ որ վերջին 3 տարիներին ՀԷՑ-ը վնասով է աշխատել եւ պետք էր պարզել, թե որոնք էին վնասը ծնող պատճառները: «Դրա համար հակված եմ ենթադրելու, որ վաճառքն ավելի շուտ որոշում էր եւ աուդիտը դրա հաջորդ քայլն էր: Հակված եմ ենթադրելու, որ աուդիտն էլ սահմանափակվելու է ակտիվների ճանաչելիության գործընթացով եւ պոտենցիալ գնորդի ու պոտենցիալ վաճառողի համար ընդունելի գնի սահմանաչափերի որոշումով»:

Անդրադառնալով հարցին, որ ՀԷՑ-ը վաճառվում է օֆշորում գրանցված ոչ հայտնի կազմակերպության՝ տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը եզրակացրեց, որ այն մեկանգամյա գործարքի համար ստեղծված ընկերություն է, ապա համոզմունք հայտնեց, որ դա միջանկյալ ընկերություն է, որը գնելուց հետո, ինչ-որ ժամանակ անց, այն կվաճառի արդեն իրական սեփականատիրոջը:

Back to top button