Քաղաքական

Հասունացել է ժամանակը համարժեք գնահատական տալու և կարգի հրավիրելու Ադրբեջանի ղեկավարությանը.Շավարշ Քոչարյան

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Տավուշի մարզում ադրբեջանական կողմից հայկական բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցներին, ասում է, որ դա Ադրբեջանի ձեռագիրն է՝ ցանկացած բարձր մակարդակի հանդիպումից առաջ անել սադրիչ գործողություններ, որպեսզի վիժեցնի բանակցային գործընթացը։
– Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կգնահատեք Նյու-Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմի Հայաստանի խաղաղ բնակավայրերի գնդակոծումը, որի հետևանքով 3 կին են զոհվել:
– Արդեն ավանդական են դարձել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարության սադրիչ գործողությունները՝ ուղղված բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացի վիժեցմանը:
Այդ նպատակով խաղաղ բնակավայրերի տարեց կանանց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և ականանետների թիրախ դարձնելը՝ արտահայտությունն է քնած հային կացնահարելու և նենգ մարդասպանին հերոսացնելու, մոլորված խաղաղ բնակչին ցուցադրաբար խոշտանգումներով տանջամահ անելու Ադրբեջանի ղեկավարության քարանձավային մտածելակերպի և վարվելակերպի:
Հասունացել է ժամանակը համարժեք գնահատական տալու և կարգի հրավիրելու առաջին հերթին սեփական ժողովրդի ապագան վտանգող Ադրբեջանի ղեկավարությանը:

 

Back to top button