ՀասարակությունՑեղասպանություն 100

Անմոռուկը հասավ իր նպատակին.Վիգեն Սարգսյան

alisagevorgyan

«Հիշում եմ և պահանջում». Երևանում այսօր մեկնարկած  փորձագիտական համաժողովի օրակարգում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  ծրագրի ընթացքի  վերաբերյալ քննարկումներն են  և իրականացված միջոցառումների ամփոփումը:

 


Ամփոփել վերջին առնվազն երեք տարիների հսկայածավալ աշխատանքն ու նախանշել անելիքները Հայոց ցեղասապնության ճանաչման ու դատապարման հետագա քայլերի ուղղությամբ: «Հիշում եմ և պահանջում». փորձագիտական համաժողովի ընթացքում ամենատարբեր կառույցների ներկայացուցիչներ այսօր հանդես եկան հաշվետվությամբ, փորձելով նաև ամփոփել մինչ օրս իրականացված միջոցառումների արդյունքները: Հայաստանի փոխարտգործանախարար Շավարշ Քոչարյանի գնահատմամբ՝ այսօր արդեն ունենք լուրջ արդյունքներ: Բավական է նշել միայն ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը 2014-15 թվականների ընթացում:

«Այդ պետությունների թիվը ավելացավ 5-ով՝ 19-ից դառնալով 24»:

Շավարշ Քոչարյանի գնահատմամբ չափազանց կարևոր էր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հայտարարվեց ցեղասպանությունների զոհերի հիշատակի և արժանապատվության օր: Բանաձևի հեղինակը Հայաստանն էր, համահեղինակներն էին  84 պետություններ: Հայաստանի կողմից հույների և ասորիների ցեղասպանությունների ճանաչումը ևս փոխարտգործանախարարը կարևոր քայլ է համարում:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի միջոցառումների  համակարգող  Վիգեն Սարգսյանի խոսքով ցեղասպանության խորհրդանիշ դարձած հայկական անմոռուկը, իսկապես, հասավ իր նպատակին: Ապրիլի 22-24-ը Հայաստանում տեղի ունցած միջոցառումներին ուղիղ հեռարձակմամբ և ուղիղ եթերում հնարավորություն է ունեցել հետևել մեկ միլիարդ երեք հարյուր միլիոն մարդ:

Միջոցառումները լուսաբանել են միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցները, ինչը հնարավորություն է տվել հաղորդելու այն ազդակները, որոնք ցանկանում էինք  փոխանցել աշխարհին: «100-րդ  տարելիցի միջոցառումների արդյունքում աշխարհի ողջ հայության համար Հայաստանը դարձավ այն տունը, որտեղ իրենք հոգով, սրտով ուզում են վերադառնալ որպես համախմբման վայր: Գործնական առումով միջոցառումները հանգեցրին նրան, որ Հայաստանը ձևավորեց փոխգործակցության բացարձակ նոր ձևաչափ՝ Հայաստան-Սփյուռք հարթության մեջ»,-ասում է Վիգեն Սարգսյանը:

«Դեռ վաղ է տարին ամփոփելը, բայց կարող ենք արձանագրել լուրջ առաջընթաց՝ քաղաքական մակարդակում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ մշակութային ոլորտում կազմակերպված միջոցառումների մասով, որոնք շարունակում են նպաստել Ցեղասպանության մասին իրազեկման բարձրացմանը: Լիակատար կարող ենք հաղթանակ արձանագրել ակադեմիական ասպարեզում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա ձևակերպամբ՝ մեր նպատակն ամենևին էլ թուրքերին իրար խառնելն ու նսեմացնելը չէ, այլ արդյունքը, թե իրականացված միջոցառումներն ու քարոզչությունը որքանով են ազդել թուրք հարնության վերաբերմունքի վրա, որպեսզի նրանք սկսեն գոնե խորհել ՝ ինչ է տեղի ունեցել իրականում:

«Ամենաոգեւորիչ արդյունքը այն է, որ ամեն օր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ մենք թուրք այցելուներ ենք ունենում»:

«Եվ ինչ են սովորաբար ասում  թանգարանի թուրք այցելուները» հարցին Դեմոյանն արձագանքում է՝ ամենատպավորիչը նրանց լռությունն է:

Back to top button