4-րդ կարգի վթարայնության շենքերում բնակվող ընտանիքները բնակարանամուտ են տոնել


Այսօր 4-րդ կարգի վթարայնության շենքերում բնակվող շուրջ 100 ընտանիք տոնել է իր բնակարանամուտը: Մարգարյան 45 հասցեի նորակառույց շենքում բանակարաններ ստացածները Սիսակյան 3 և Նոր- Արեշ 35 փողոցի հանրակացարանային շենքերի բնակիչներն են: Բնակարանները տանտերերին է հանձնվել նորոգված և բնակության համար պատրաստ վիճակում: Երևանի քաղաքապետարանի և կառավարության համատեղ ծրագրի շրջանակներում կառուցվող նորակառույց 4 շենքերը մինչև տարեվերջ կհանձնվեն շահագործման: Բնակարանի բանալիններն ու սեփականության վկայականներն այսօր բնակիչներին հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Դեռևս 2012 թվականին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովը փորձաքննության արդյունքներով մայրաքաղաքում գրանցվել է 4-րդ կարգի վթարայնության շենքերում բնակվող շուրջ 650 ընտանիք: Նրանցից 207-ը դեռևս 2013 թվականին տոնել է բնակարանամուտ, իսկ մոտ 100-ին այսօր քաղաքապետը հանձնեց Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 45 հասցեում գտնվող նորակառույց շենքի բնակարանների բանալիներն ու սեփականության վկայականները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վստահեցմամբ՝ քաղաքապետարանի և կառավարության համատեղ ծրագրի շրջանակներում մինչև տարեվերջ մոտ 350 բնակարան նորակառույց 4 շենքերում ևս կհանձնվի տանտերերին:
«Մինչև տարեվերջ ավարտին կհասցնենք ՀՀ նախագահի հրամանով Երևան քաղաքում դրված ծրագիրը: Ես շնորհավորում եմ մեր երևանցիներին, որ մենք 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ գույքագրված 4—րդ կարգի վթարային շենքերի խնդիրը կարող ենք ասել ամբողջությամբ լուծված է»:
Քաղաքապետի հանձնարարությամբ կազմված հանձնաժողովը գործելու է մշտական՝ 4-րդ կարգի վթարային շենքեր առաջանալու դեպքում դրանք հայտնաբերելու համար, իսկ քաղաքապետարանն էլ հետամուտ է լինելու խնդրի լուծմանը, հավաստիացրեց քաղաքապետը: Այսօր նորակառույց շենքում նոր բնակարաններ ստացած ընտանիքները Սիսակյան 3 և Նոր- Արեշ 35 փողոցի հանրակացարանային շենքերում բնակվող ընտանիքներն են, ովքեր երկար տարիներ սպասել են այս օրվան: Սրտի թրթիռով ու զգացմունքները զսպել չկարողանալով, քաղաքապետից ստանում էին վկայականներն ու մեկ մեկու մաղթում՝ «բարով վայելենք»:
«Այսքան սպասելուց հետո զգացմունքներս զսպել չեմ կարող: 7 տարի վթարային շենքում եմ ապրել և սպասել ասյ օրվան: Շնորհակալ եմ, որ այս պայմաններում կարողացել են այսպիսի շենք կառուցել»:
«Շատ խոստումներ կա, որ ղեկավարությունը չի կատարում, սակայն այս մեկը կատարեց: շնորհակալ ենք, որ այսքանժողովրդի երջանկացրել է»:
Նշենք, որ բնակարանները բնակիչներին հանձնվեց նորոգված ու ապահովված՝ ջեռուցման անհատական համակարգով: 4-րդ կարգի վթարայնության շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի շրջանակներում բնակարանները հատկացվել են նախկին բնակարանի մակերեսը հաշվի առնելով, սակայն կան դեպքեր, մասնավորապես հանրակացարանների պարագայում, որ փաստացի հատկացվող նոր բնակարանների մակերեսը շուրջ 3 անգամ մեծ է վթարային շենքում զբաղեցրած տարածքից:
«Նախկին տունը շատ փոքր է, սա գրեթե 3 անգամ մեծ է»:
Նախկին վթարային շենքերի տեղերում կառուցվող բոլոր 4 շենքերը համապատասխանում են սեյսմիկ անվտանգության արդի չափորոշիչներին, նշեց քաղաքապետն ու հավելեց, որ 4-րդ կարգի վթարայնության շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելուց հետո, վթարային շենքերը կապամոնտաժվեն: