Հասարակություն

Մեկ քվե եւ շուրջ 200 փոփոխություն. ինչպես քվեարկել ՍԴ բարեփոխումների հանրաքվեում

lenabadeyan

SD logo
Դեռեւս սեպտեմբերի  17-ին Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ, որը միավորում է շուրջ 200 կազմակերպություն, հայտարարություն էր ընդունել՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին հետաձգել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւ այն նշանակել առաջիկա համապետական ընտրություններից հետո՝ կարճ ու ողջամիտ ժամկետներում: Քաղաքացիական հասարակության հատվածի ներկայացուցիչներն այսօր կազմակերպել էին քննարկում՝ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, բայց միջոցառումը չստացվեց այնպես, ինչպես պլանավորվել էր:

 

 

Սահմանադրական փոփոխությունների Հանրաքվեում «այո» կամ «ոչ» ասելուց առաջ հասարակությունը նախ պետք է տեղեկացված լինի իրականացված փոփոխությունների մասին: Մինչ այսօր կազմակերպված քննարկումներում առավելապես խոսվել է Սահմանադրության 4-7 գլուխներում իրականացված փոփոխություննեի մասին, որոնք առնչվում են կառավարման համակարգին եւ քաղաքական խնդիրներին: «Սահմանադրության հատկապես երկրորդ գլխում արված փոփոխությունները բացասական են»,- ահազանգում է փաստաբան Հայկ Ալումյանը:

«Երեւի շատերի համար նորություն կլինի, որ Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների գլխում նախատեսվում են փոփոխություններ, որոնք էականորեն նվազեցնում են մարդկանց իրավունքներն ու ազատությունները: Բայց այս հարցը չի քննարկվում ընդհանրապես»:

Յուրաքանչյուրս ունենք մեկ քվե եւ շուրջ 200 փոփոխություն, որոնք արվել են Սահմանադրության մեջ: Դրանց մեջ կան եւ դրականը եւ բացասականը, հետեւաբար թե «կողմ», թե «դեմ» քվեարկողները մասնակիորեն քվեարկելու են նաեւ իրենց որոշ սկզբունքներին դեմ: Վառ օրինակ ներկայացնելու համար Հայկ Ալումյանը բերում է իր սեփական օրինակը:

«Սկզբունքորեն ես կողմնակից եմ, որպեսզի ԱԺ-ն ձեւավորվի ամբողջությամբ համամասնական սկզբունքի հիման վրա եւ ես կքվեարկեի այս փոփոխության օգտին: Բայց, եթե ես այդ փոփոխության օգտին քվեարկեմ, ես դրա հետ միասին իմ ձայնը տալու եմ նաեւ առաջարկվող 58-րդ հոդվածի օգտին, որն ի տարբերություն հիմիկվա Սահմանադրության, չի նախատեսում, որ սեփականությունից անձը կարող է զրկվել միայն դատական կարգով: Այսինքն՝ այն, ինչ մենք այսօր ունենք, որ սեփականությունից անձին կարող է զրկել միայն դատարանը այլեւս չի լինելու նոր Սահմանադրության պայմաններում: Հետեւապես ինչ կերպ ես պետք է քվեարկեմ»:

Նման երկընտրանքի առաջ կանգնած է նաեւ եզդի համայնքը: «Միդիա Շանգալ» հասարակական կազմակերպությունից Ամո Շարոյանի փոխանցմամբ՝ իրենք գոհ են, որ Սահմանադրությամբ է ամրագրվում խորհրդարանում ազգային փոքրամասնություններին տեղեր հատկացնելու պահանջը, բայց եւ հստակ դեմ է սեփականության իրավունքին առնչվող վերոնշյալ փոփոխության օրինակին: Հույս ունեն, որ մինչեւ Հանրաքվեն վիճարկվող այս կետը փոփոխության կենթարկվի:

Քննարկման ընթավքում, ի դեպ՝ կարծիք հնչեց, թե կոնկրետ այս կետը՝ ազգային փոքրամասնությունների հետ կապված պաևզապես շահարկում է, քանի որ նույն փոփոխությունը կարող էր արվել հենց «Ընտրական օրենսգրքում», ինչպես նախկինում ամրագրվել էր կանանց քվոտաների պահանջը: Վերադառնալով Հանրաքվեի ընթացքում երկընտրանքի առջեւ կանգնելու խնդրին, փաստաբան Հայկ Ալումյանն առաջարկում է փոփոխություններն ըստ ոլորտների առանձին-առանձին դնել քվեարկության, իսկ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմն էլ առաջարկում է հետաձգել Հանրաքվեն՝ հասարակական կարծիքի ձեւավորման նպատակով ժամանակ տալու համար:

Առաջարկներն այդպես էլ մնացին անպատասխան, քանի որ հրավիրված 4 բանախոսից երեքն այդպես էլ չեկան: Բացակայում էին նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Աժ պետաիրավական հացերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները: Հիշեցնեմ միայն, որ խորհրդարանական քննարկումների ժամանակ մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն արդեն պատասխանել էր, որ Սահմանադրության առանձին գլուխները չեն կարող դրվել Հանրաքվեի:

Back to top button