ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ խաղաղապահներ տարածաշրջանում չեն տեղակայվի, վստահեցնում են ԱԺ պատգամավորները

lenabadeyan

Չինաստան եւ Գերմանիա աշխատանքային այցերից վերադարձած հայկական խորհրդարանական պատվիրակության անդամներն այսօր Աժ-ում ներկայացրել են իրենց աշխատանքի արդյունքը: Աժ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է՝ Գերմանիայում ունեցած հանդիպումներից տպավորություն է ստացել, որ առայժմ լավատես չենք կարող լինել, որ մինչեւ տարեվերջ Բունդեսթագը վերջապես կընդունի Հայոց ցեղասպանության մասին հայտնի բանաձեւը, որն ամիսներ շարունակ  գտնվում է օրակարգում: Ի դեպ՝ նույն Գերմանիան շուտով ԵԱՀԿ նախագահությունն է ստանձնելու: Մեր պատվիրակներն օգտվելով առիթից փոխանցել են մեր սպասելիքները՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման հետ: Ինչ վերաբերում է Չինաստան կատարած այցին, ապա այնտեղ կրկին անդրադարձ է եղել ինչպես ԼՂ հակամարտության խնդրին, այնպես էլ «Մետաքսի ճանապարհին», Հայաստան- Իրան երկաթուղու եւ տնտեսական այլ ծրագրերի հեռանկարներին:

 

2016-ին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը, բայց այդ առիթն ուղղակիորեն չի օգտագործելու իր շահերն առաջ մղելու կամ տարածաշրջանում կոնկրետ այդ կազմակերպության ցանկություններն իրագործելու համար:

Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները, թե ՀԱՊԿ-ն կամ Ռուսաստանը ցանկություն ունեն այստեղ խաղաղապահ զորքեր տեղակայել: Այս առնչությամբ Աժ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հայտարարում է. «Այդ խոսակցություններն անհիմն են, չեն համապատասխանում իրականությանը: Որեւէ նման պայմանավորվածություն չկա ձեռքբերված»:

Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների հանդեպ դրսեւորվող շարունակական ոտնձգությունների պայմաններում մենք չենք պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ին՝ ռազմական կամ որեւէ միջամտության խնդրանքով, ինչպես դա նախատեսում է կառույցի կանոնադրությունը: Կորյուն Նահապետյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանն այս հարցում լուրջ տարաձայնություններ ունեն:

«Ինչո՞ւ չենք դիմում: Որովհետեւ մենք գտնում ենք, որ ՀՀ ԶՈՒ-ն արդյունավետ կերպով իրականացնում է մեր սահմանների պաշտպանությունը: Չենք տեսնում որեւէ անհրաժեշտություն ՀԱՊԿ-ի ակտիվ ներգրավվածության սահմանային այդ միջադեպերը կանխելու առումով: Եթե իսկապես լինի ագրեսիա հակառակորդի կողմից, ապա ուզում եմ վստահեցնել ձեզ, որ ՀԱՊԿ անպայմանորեն ներգրավվելու է, եթե մենք սահմանված կարգով դիմենք այս կառուցին»,- ասում է Կորյուն Նահապետյանը։

«Ինչպե՞ս կարելի է մի կազմակերպության, որն իրականում թղթի վրա կազմակերպություն է, նույնիսկ ցանկություն ունենալ, որ հայտարարություն անի: ԵՏՄ-ն մեզ քի՞չ էր, որ հասկանայինք, որ Ղազախստանն ու Բելառուսը ավելի շատ Ադրբեջանի շահերով են մտահոգված: Ինձ թվում է, որ Հայաստանում էլ են լավ գիտակցում, դրա համար չեն դիմում ՀԱՊԿ-ին, որ որեւէ հայտարարություն անի, որովհետեւ այդ հայտարարությունը չի լինելու»,-արձագանքում է Թեւան Պողոսյանը։

Բայց ՀԱՊԿ-ից, ամեն դեպքում, օգուտ ունենք, ասում է Թեւան Պողոսյանը: Ասում է՝ այդ կառույցի հանդիպումները շատ լավ օգտագործում ենք միջազգային կառույցներում հանդիպումների ժամանակ՝ ցանկալի «մեսիջները» ուղարկելու համար:

ԱԺ ուժային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, վերլուծելով Հայաստան- Ադրբեջան լարվածությունը, համոզված են, որ Հայաստանը դեռեւս ճիշտ ուղով է գնում՝ ինտեգրվելով միջազգային կառույցներին: Դրան հակառակ՝ Ադրբեջանն իրեն քննադատած բոլոր միջազգային կառույցների եւ պետությունների հետ խզում է կապերը եւ արդեն ստանում է արժանի գնահատականներ։

Back to top button