Մշակույթ

Թբիլիսին ու նրա բնակիչները վրացահայ նկարչուհու ստեղծագործություններում

Gita Elibekyan
irena ohanjanova
«Թիֆլիսահայ նկարիչների թողած գեղարվեստական հարուստ ժառանգությունը երկու ազգերի հպարտությունն է. ամեն ինչ պետք է անել այն պահպանելու համար»,- ասում է թբիլիսահայ երիտասարդ նկարչուհի Իռենա Օհանջանովան, ով մի շարք ծրագրեր է իրականացրել այդ ուղությամբ, սակայն նորերը կյանքի չեն կոչվում ֆինասնասական միջոցների սղության պատճառով: 19-րդ դարում Թիֆլիսը հայ մշակույթի զարգացման կենտրոնն էր, այստեղ էին ապրում ու ստեղծագործում հայ դիմանկարչության հիմնադիր Հակոբ Հովնաթանյանը և հայ բնանկարչության հիմնադիր Գևորգ Բաշինջաղյանը: Սակայն կան նաև շատ այլ հայ նկարիչներ, որոնք երկար ժամանակ չեն ներկայացվել, շատերի մասին ներկա սերունդը չգիտի և որ ավելի ցավալի է՝ նրանց արժեքավոր մի շարք կտավներ ոչնչացման եզրին են հայտնվել: Թիֆլիսի հայ նկարիչների հետ կապված Իռենայի նոր ծրագրերը մինչ իրականություն կդառնան, նա ստեղծագործում է՝ ոգեշնչված առկա հարուստ ավանդույթներով ու հարազատ քաղաքով. ստեղծագործությունների վերջին շարքը կոչվում է քաղաքային կերպարներ, որը ցույց է տալիս  հինավուրց այդ քաղաքի լավ ու վատ կողմերը, մինչ օրս պահպանվող  բազամազանությունն ու կոլորիտը:

 

Թբիլիսիի հին թաղամասի շուկաներից մեկում մի օր անսովոր աղմուկ էր. հարսանիք էր.   բոլորը հավաքվել էին հարսանեկան ճերմակ զգեստով շուկա ժամանած տարիքով մի կնոջ` Մարինայի  շուրջ. նրան գրեթե յուրաքանչյուրն այս քաղաքում ճանաչում է.  ասում են, որ փեսացուն հարսանիքից րոպեներ առաջ թողել է, ինչից հետո տիկինը քաղաքում շրջում է այդպես զուգված.

«Ես հետևում էի նրան. երգում էր, պարում, իսկ շուրրջը հավաքված շուկայի աշխատակիցները, մսավաճառները կենացներ էին ասում ու խմում: Ես կանգնած նայում էի…հիմնականում հիշում եմ իմ հերոսներին. ընդհանրապես նրանք անմիջապես  տպավորվում են, կամ ինչ-որ նշումներ եմ անում տեղում  և հետո վերարտադրում»­:

Այսպես Իռենան ստեղծում է նկարների մի նոր շարք. այստեղ  պատկերված է  Թբիլիսին ու նրա բնակիչները. կոշկարարը` փոքր ու խառը իրերով լեցուն իր արվեստանոցում, ծերունիները` բակերում կլանված  նարդի խաղաղալիս, թբիլիսցիներին հայտնի Կլեոպատրան, շներով  շրջապատված Քեթոն,  Մարինան և շատ ուրիշներ: Մի խոսքով պատկերներ, որ յուրաքնչյուր թբիլիսցու համար հարազատ քաղաքի կարծես թե կոլորիտի մի մասն են դարձել.

«Ես քայլում եմ այս քաղաքում և պատահում են մարդիկ, կամ ինչ որ իրավիճակներ, որ իմ վրա ազդում են.  և դա կարևոր չէ դրական,  թե բացասկան … այսինքն ամեն ինչ մեզ ծանոթ է , ամեն ինչ հարազատ  է. սա մեր հարազատ քաղաքն է, որը շարունակում է գերել շատերին…»:

Նա փորձում է ցույց տալ քաղաքն իր բոլոր կողմերով` նշելով, որ  նկարները մտածելու  առիթ են տալիս:

Երիտասարդ նկարչուհին, որ  կտավներում պատկերում է հինավուրց այս քաղաքը,  չի ուզում,  որ դրանք լոկ հուշեր դառնան ու պահպանված  լինեն միայն նկարներում. հինն ու գեղեցիկը պետք է պահպանել, ասում է Իռենան, որ քաղաքի մի խումբ ակտիվիստների հետ պայքարում է  մի շարք ինչպես ինքն է ասում  «սարսափելի»  ծրագրերի դեմ.

«Ինչպես կարելի է հին քաղաքում տեղավորել այդ սարսափելի ծրագրերը. հիմա ինչ-որ Մանհեթեն են ուզում այստեղ  կառուցել (Շինարարական ասոցացիայի և Բիզնես պալատի կողմից մշակված  «վրացական Մանհեթեն» ծագիրը հաստատվելու դեպքում կկառուցվի Վերե  կիրճում, որտեղ ամռանը տեղի ունեցած ջրհեղեղը վնասեց բազամթիվ շինություններ ու ճանապարհներ), որն անընդունելի  է շատերիս համար.  նրանք,  ովքեր առաջ են քաշել այդ գաղափարը, չեն զգում այս քաղաքը. այստեղ ապրում են, բայց ամենայն հավանականությամբ չեն սիրում ու չեն զգում այն»­:

Նա ամենևին դեմ չէ, որ քաղաքը փոփոխվի, զարգանա, սակայն նշում է, որ  պետք է ճիշտ փոփոխությունների ենթարկվի.

«Եթե քո  մոտ չկա քաղաքի զգացողությունը, որտեղ ապրում ես, ապա  այն փոխել չես կարող. պետք է լսես նրանց, ովքեր միշտ են ապրել այստեղ ու հասկանում են ինչպես պետք է պահպանել այն»­.

Ասում է` քաղաքը  չի կարող ենթարկվել ամեն մեկի. այն կամակոր է,  և կամակոր,  ինչպես իր ստեղծած տիկնիկները: Իռենան բացի նկարելուց ստեղծում է նաև տիկնիկներ:  Եվ նրանք կամոկորություն են անում այնքան, մինչև կարողանաս ստանալ այնպիսի տեսք, ինչպիսին ինքն է ուզում լինել.

Նկարչուհին իր թբիլիսյան պատկերների ու կանանց թեմաներով նկարների, որոնք ի դեպք մեծամասնություն են կազմում  իր ստեղծագործություններում, ունի տիկնիկների մեծ հավաքածու.

«Առաջին տիկնիկը ստեղծվեց այն բանից հետո, երբ մի  գեղեցիկ շիշ չուզեցի դեն նետել, այլ որոշեցի զարդարել. սակայն հետո թողեցի վերևի մասը, որը ստացվեց տիկնիկի գլուխը ու այդտեղից էլ շարունկեցի մարմնի մյուս մասերը.  այն զանգվածը ինչից ստեղծում եմ նրանց, կարծես թելադրում է, թե  ինչպիսի տեսք է ուզում  ունենալ`  ես չեմ ուզում այդպիսին լինել. երկխոսություն է տեղի ունենում, ու նրանք ծնվում են իրենց հատուկ բնավորությամբ»­,-ասում է Իռենան` ժպիտով նայելով առասպելական այդ  կերպարներին:

Տիկնիկների ստեղծման տեխնոլոգիան յուրօրինակ է` իր հեղինակային գաղափարը. զարմանալի է, բայց կտոր չի օգտագործում, արտաքինից  զարդարում է տարբեր քարերով.

Օհանջանովան այս պահին տիկնիկներ չի պատրաստում, սակայն աշխատում է նրանց համար, ովքեր տիկնիկներ շատ են սիրում.  ձևավորում է թատերական ներկայացումներ, վերջին տարիներին համագործակցելով վրացի հայտնի ռեժիսոր Գոգի Թոդաձեի հետ: Բազմաթիվ ներկայացումներ երկար ժամանակ վրացական թատրոնների բեմերից չեն իջնում նաև իր յուրահատուկ ձևավորման շնորհիվ.

«Սիրում եմ հատկապես մանկական ներկայացումների ձևավորումը. երբ օրինակ հեքիաթ ես ձևավորում, ստեղծագործական շրջանակը համեմատաբար   ավելի լայն է. սահմանագիծ կարծես  չկա. լույսեր ու  տարբեր գույներ,  սա հիանալի է»:

Առաջիկայում Օհանջանովան բազմաթիվ ծրրագրեր ունի:  Ցանկանում է շարունակել ներկայացնել Վրաստանում ապրած ու ստեղծագործած հայ  նկարիչներին.

«Նրանք հսկայական ժառանգություն են թողել Վրաստանում և  դա մեր ընդհանրուր մշակութային ժառանգութունն է, որով  և հայերս, և վրացիները պետք է հպարտանանք. դա կարող է մեզ միավորել, ավելի  մերձեցնել: Կան բազամաթիվ մոռացված արվեստագետներ, հեղինակներ, որոնց   մասին պետք է հիշեցնենք»:

Վերջին տարիներին նրա  նախաձեռնությամբ  կյանքի կոչվեց  հայ-վրացական համատեղ մի ծրագիր, որի արդյունքում վիրահայ  մի շարք նկարիչների  գործերը տարբեր թանգարաններից ու մասնավոր հավաքածուներից իմի բերվեցին,  վերականգնվեցին  ու ցուցադրվեցին: Դրանք ներկայացվեցին նաև  «Թբիլիսի` նոր Բաբելոն» ալբոմում:

Օհանջանովան  ուզում է  հաջորդ տարի կամակերպել միջոցառում` Բաժբեուկ-Մելիքյանի 125- ամյակի առիթով. Թբիլիսիում այսօր  առկա են այս նկարչի բազամաթիվ գործեր:

Back to top button