Տնտեսական

Արմավիրում գյուղացին վարունգի բերքի մեծ մասը թափում է

satikisahakyan

Արմավիրի մարզում գյուղացիները չեն կարողանում իրացնել բանջարեղենը:  Դժգոհում են հատկապես վարունգ մշակողները,  տարին  բարենպաստ է գյուղատնտեսության համար, առատ բերք են ստացել, սակայն իրացման ճանապարհներ չունեն:

Խնդրին լուծում տալու նպատակով այսօր Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում   Ծիածան, Հովտամեջ,  Առատաշեն, Ծաղկալանջ  համայնքների ղեկավարների և հողագործների հետ են հանդիպել գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ու Արմավիրի փոխնմարզպետ Դավիթ Սամսոնյանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել  վերամշակող մի քանի ձեռնարկությունների հետ, այդ թվում՝ նաև Եղեգնաձորի պահածոների գործարանի,  մթերել մարինացման համար նախատեսված վարունգ, մնացածն էլ վաճառել Երևան քաղաքի տոնավաճառներում:

 

Էջմիածնի տարածքի գյուղերի մի մասը հացահատիկից հետո խոզանացան վարունգ է մշակում, որն ունի իր անվանումը՝ աշնան վարունգ:  Բերքն առատ է՝ գնորդ չկա, վերամշակող ձեռնարկություններն էլ չեն ընդունում: Այլ կերպ ասած՝ գյուղացիները կանգնել են կոտրած տաշտակի առաջ:

Նախորդ տարիներին վարունգը գրեթե ամբողջությամբ արտահանվել է Վրաստան, այս տարի վրացի գնորդ չկա: Գեղակերտի գյուղապետ Սերյոժա Առաքելյանը նշեց, որ Վրաստանում  այս տարի վարունգի պահանջարկ չկա, քանի որ իրենց մոտ նույնպես վարունգի բերքն առատ է: Գյուղատնտեսական ապրանքների արտահանման մաքսազերծումը վրացական կողմում թանկ  է, իսկ հայկական կողմն արտահանողներին ազատել է հարկուտուրքերից:

Գեղակերտում վարունգի ցանքը  մոտ 35 հա է, նախորդ տարվա համեմատությամբ  15 հա-ով պակաս: Միջին բերքատվությունը 20-25 տոննա է: Գյուղացիները բերքը տանում են շուկա, նույնությամբ հետ բերում:

Գյուղապետը նշեց, որ վարունգի հասունացման շրջանում 3 օրը մեկ պետք է բերքահավաք անեն, այլապես՝ խոշորացած վարունգը վաճառքի պիտանի չէ, իսկ մանր վարունգն իրացվում է 1 կգ-ը՝ 100 դրանով: Արտաշատի, Լենուղու, Էջմիածնի, Արմավիրի պահածոների գործարանների դռները փակ են վարունգ մշակողների առջև:

Ձեռնարկատերերի պատճառաբանությունը ռուբլու ցածր  փոխարժեքն է: Այսինքն՝ արտադրանքի իրացման դժվարությունները բացասաբար են անդրադարձել գյուղացու արտադրած բերքի վերամշակման վրա: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը վստահեցրեց՝ ճանապարհներ գտնել վարունգի իրացման նպատակով, սակայն պահածոյագործներն ուշադրությունը դարձնում են բերքի չափի և որակի վրա:

Եղեգնաձորի պահածոների գործարանի մթերման հարցը դժգոհության տեղ տվեց հեռավորության  և մթերման քանակի տեսակետից: Պահանջվող վարունգը տրամադրելու դեպքում գյուղացիների պարզ հաշվարկով ՝ տուժում են:

Եղեգնաձորի պահածոների գործարանը պատրաստ է արմավիրցիներից  օրական  ընդունել  1,5 տոննա   ռուսական սորտի թթվի վարունգ: Գործարանը մթերելու է 35 տոոնա:  Գործարանի մատակարար Գագիկ Գևորգյանը նշեց, որ կարող են փոխհամաձայնության գալ նաև բերքի փոխադրման հարցում:

Գյուղփոխնախարար Ռոբերտ Մակարյանը տեղեկացրեց՝  բանակցություների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց   6 տոննա վարունգ մթերել վերամշակող ձեռնարկություններում, մնացածը՝ վաճառել Երևան քաղաքի տոնավաճառներում, որտեղ գյուղացիների մուտքն ազատ է և անվճար:

Իսկ մինչ այդ գյուղացիներն արդեն թափել են իրենց աճեցրած բերքի մեծ մասը, հրաժարվել ոռոգելուց: Մեղմ ասած՝ կրակն են ընկել իրենց աճեցրած բերքի ձեռքը:

Back to top button