Վճռական, արագ և խենթ որոշում, Մուսա լեռան հերոսամարտի պատգամը
Լիբանանում Մուսա լեռան 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավեր ազգագրական երգիչ Հայկ Մխոյանը ստացել է միջոցառումների կազմակերպման կենտրոնական մարմնից:
Ծրագրի շրջանակներում Հայկն իր մենահամերգային արշավն սկսել է գուսան Հայկազունի «Մուսա լեռ» երգով։ Այս երգով են անճարցիները Հայկին ճանաչել դեռ 5 տարի առաջ, երբ երգը նոր էր ծնվել:
Մուսա լեռան «հիմնը» կատարելու պատիվը հեղինակը վստահել է միայն Հայկ Մխոյանին: «Իմ խիղճը հանգիստ է, որ այս երգը երգելու պատիվը տրվեց Հայկին»,- ասում է Մուսա լեռան երիտասարդների միության պատասխանատու Գաբրիել Փանոսյանը։
Լիբանանի և Սիրիայի սահմանին արագ զարգացող գյուղաքաղաքում ելույթի ընթացքում Մեծի տանն Կիլիկո Արամ Առաջին կաթիկոսն անդրադարձել է պահանջատիրության հարցին ու Մուսա լեռան հերոսամարտի այժմեականությանը՝ նույնիսկ դրանից 100 տարի անց: Մուսա լեռան 100-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավատյանն էլ շեշտում է, որ հայ ժողովուրդը ճակատարգրական պահերին պետք է շտապի իր որոշումները կայացնելիս: «Մեր ճակատագրական ժամին, երբ նայում ենք մեր պատմությունը, դանդաղած ենք որոշելու, թե ինչպես պետք է շարժինք ու ինչ որոշում կայացնինք: Մուսա լեռան հերոսամարտը կուդա այն օրինակը, որ ճակատագրական պահին պետք է վճռական, արագ և խենթ որոշում»:
Ինչպես Մուսա լեռան հերոսամարտում միասնական ուժի դեպքում հասանք պատմական հաղթանակի, այնպես էլ հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցի պատգամը հայ ժողովուրդը պետք է տեսնել միասնականության մեջ, ասում է Մուսա լեռան 100-ամյակի կենտրոնական մարմնի նախագահը: