Ներկայացվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված չորս աշխատություն
Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են, դրանց շրջանակում ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր հանրության դատին է ներկայացվել չորս աշխատություն, որոնցից երկուսը` անգլերենով: Շնորհանդեսից հետո Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյան այսօր մեդալներ և պատվոգրեր է հանձնել մի շարք անհատների և կոլեկտիվների ներկայացուցիչների, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերել թանգարանին մասնավորապես 100-ամյակի միջոցառումների շրջանակում:
Դոկտոր Արման Կիրոկոսյան՝ «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում»: Հեղինակի ներկայացմամբ գիրքը ստեղծվել է ամերիկյան հանրագիտարաններում հայոց ցեղասպանության թեմային նվիրված մեկնաբանությունների ամփոփման հիման վրա:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն նշեց՝ տարեվերջին սեղանին կդրվեն երկու կարևորագույն հատորներ՝ «Հայոց ցեղասպանության հանրագիտարան» անվամբ: Իսկ այսօր հանրության դատին ներկայացված մյուս աշխատությունը կոչվում է «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքը», հեղինակ՝ Ռուբինա Փիրումյան: Երրորդ գրքի հեղինակը Ռոբերտ Թաթոսյանն է, աշխատությունը կոչվում է ՝ «Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին»:
Հանրության դատին ներկայացված վերջին աշխատանքը Երևանում և եվրոպական մի շարք մայրաքաղաքներում ներկայացված «Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգն է , որը հրատարակվել է ՀՀ նախագահի դրամաշնորհի շրջանակներում: Գրքերի շնորհանդեսից հետո Հայկ Դեմոյան այսօր մեդալներ և պատվոգրեր հանձնեց մի շարք անհատների և կոլեկտիվների ներկայացուցիչների, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ մասնավորապես 100-ամյակի միջոցառումների կազմակերպման գործում: