Մեկնարկում է «Երգում ենք Կոմիտաս» փառատոնը


Սեպտեմբերի 24-ից 27-ը կանցկացվի «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնը: Նախաձեռնությունը Սփյուռքի նախարարությանն է: ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր կայացած ասուլիսի ընթացքում նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են համահայկական մշակութային փառատոնի շրջանակներում իրականացվելիք միջոցառումները: Փառատոնի շրջանակներում 12 երկրների ավելի քան 300 մասնակիցները կայցելեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Վանաձոր, Կոմիտասի անվան պանթեոն, Վանաձոր, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Մեկնարկում է Կոմիտաս Վարդապետին նվիրված արդեն ավանդական դարձած փառատոնը` այս տարի «Երգում ենք Կոմիտաս» խորագրով: 2013 թվականից անցկացվող փառատոնի նպատակն է նպաստել Սփյուռքում հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, բարձրաձայնել Հայոց պահանջատիրության մասին, հանրահռչակել կոմիտասյան արվեստը: Անդրադառնալով փառատոնի նպատակին` սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը հայտնեց, որ փառատոնն այս տարի 12 երկրից ավելի քան 300 մասնակից կունենա:
Այսպիսով` 4 օր շարունակ Հայաստանից եւ Սփյուռքից անհատ կատարողներ եւ ստեղծագործական կոլեկտիվներ կներկայացնեն Կոմիտասի մշակույթը: Հատկանշական է, որ յուրաքանչյուրն այն կատարելու է յուրովի, իր հերթին նկատեց սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:
Այս փառատոնով մենք ոչ միայն մեր ազգային հարստությունն ենք ներկայացնում աշխարհին, այլև օտար մշակույթն է սկսում սնվել հայ մշակույթի անանցանելի արժեքներից, նշեց փոխնախարարը` հավելելով, որ այս տարվա փառատոնն անցկացվում է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում:
Նշենք, որ փառատոնի բացումը տեղի կունենա վաղը երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ փակումը` սեպտեմբերի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: