Հասարակություն

Մատչելի բնակարան՝ երիտասարդ գիտնականներին ու արվեստագետներին

karenghazaryan

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Երեւան քաղաքի Պարույր Սեւակի 8 եւ 8/1 հասցեներում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերի պաշտոնական բացման արարողությունը: Դրանք կառուցվել են «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում: Բնակարանաշինական ծրագիրն իրականացվել է նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Հերթական ծրագրով բնակարան է ստացել 291 շահառու: Շահառուներին այսօր շնորհավորել է երկրի ղեկավարը՝ ծանոթանալով կառուցված բնակարանների հնարավորություններին եւ կատարված աշխատանքների որակին:

 

Ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից էական ցածր գներով տրամադրվել են երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին՝ մինչեւ 20 տարի հիփոթեքային վարկավորման հիմունքներով, 9 տոկոսով եւ մինչեւ 30 տոկոս կանխավճարով:

Բնակարանաշինական ծրագրի կազմակերպիչ «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանը փոխանցեց, որ շահագործման հանձնված «Զեյթուն 1» համալիրը թվով 4-րդն է: Իր կարծիքով՝ վերջնական արդյունքն իդեալական է ստացվել:

Արդյունքներից չդժգոհեցին նաեւ շահառուները: Դերասանուհի Տաթեւիկ Միրզոյանը շահառուներից մեկն է: Նա ասաց, թե ուրախ է, որ իր մեկամյա որդին այսուհետ հարմարավետ պայմաններում կմեծանա: Երիտասարդ ընտանիքը ծրագրով ձեռք է բերել 2 սենյականոց բնակարան:

Բնակարանները շահառուներին են հանձնվել ամբողջությամբ նորոգված վիճակում, նաեւ՝ գազիֆիկացված: 1 քառակուսի մետրի արժեքը 185 հազար դրամ է:  Նման պայմաններով բնակարանի ձեռքբերումը հիփոթեքային վարկավորմամբ մեծ օժանդակություն է՝  մեզ հետ զրույցում ասաց Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գեւորգ Վարդանյանը: Նրա խոսքով՝ իրականացված ծրագիրը վկայում է, որ երիտասարդ գիտնականների խնդիրները երկրի ղեկավարի ուշադրության կենտրոնում են եւ տարեցտարի լուծումներ են ստանում:

Երիտասարդ գիտնականների բնակարանամուտը շնորհավորելու էր եկել նաեւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա հիշեց, որ ծրագրի գաղափարը ծնվել էր երկրի ղեկավարի՝ գիտության կաճառ կատարած այցերից մեկի ժամանակ: Համակարգում նման աշխատանքներ չեն տարվել մոտ 50 տարի:

«Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանը տեղեկացրեց, որ նախագահի հովանու ներքո իրականացվող «Մատչելի բնակարան» ծրագրի վերջնակետը 2018 թվականն է: Արդյունքում՝ շահագործման հանձնված կլինի 2 հազար 200 բնակարան: Հայաստանի համար սա պատկառելի թիվ է,  կարծիք հայտնեց նա:

Այս պահին շարունակվում է «Զեյթուն 2» համալիրի կառուցումը, որտեղ ընթացող աշխատանքներին նույնպես նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացավ: Ընթացքի մեջ է նաեւ «Ավան 4» համալիրը, որն ամենամեծն է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում՝ շուրջ 500 բնակարան: Հոկտեմբերին էլ կմեկնարկի «Ավան 5» համալիրի կառուցման ծրագիրը:

Արսեն Քարամյանը տեղեկացրեց, որ մեկնարկելիք ծրագրի շահառուները հիմնականում կլինեն բոլոր այն դիմումատուները, որոնք այս կամ այն պատճառով մինչ օրս դուրս են մնացել նախորդող ծրագրերից:

Back to top button