Հայտարարվել է հակակոռուպցիոն նոր հարթակի ստեղծման մասին


Պետության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այսօր համատեղ փաստաթուղթ են ստորագրել, որով հայտարարում են հակակոռուպցիոն նոր հարթակի ստեղծման մասին: Առաջիկա 3 տարիներին այն այլընտրանքային հնարավորություն է լինելու հակակոռուպցիոն ռազմավարությանն ու դրա իրականացման միջոցառումների ծրագրին հետևելու համար: Նախաձեռնության մի կողմում արդարադատության նախարարությունն է, մյուսում՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ու Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան: Կազմակերպիչներն այսօր նշել են, որ աշխատանքային հարթակը բաց է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, պետական կառավարման այլ մարմինների համար ևս:
Որևէ երկրում կոռուպցիայի դեմ պայքարը միայն պետության գործը չէ, սա ողջ հասարակության խնդիրն է ու կարևոր է, թե որ օղակն ինչպես է լուծում իր առաջադրանքը ՝ այսօր հակակոռուպցիոն հերթական քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Եվրամիության Համագործակցության բաժնի ներկայացուցիչը: Հենց ԵՄ-ի աջակցությամբ է մեկնարկում եռամյա այն ծրագիրը, որը փորձելու է աշխատանքային նոր հարթակ դառնալ պետության և քաղաքացիական հասարակության միջև:
«Այս հարթակը պետության և քաղհասարակության համար հրաշալի միջավայր է ստեղծելու՝ նստելու սեղանի շուրջ և քննարկելու այն բոլոր հիմնահարցերը, որոնց կծագեն կամ արդեն ծագել են հակակոռուպցիոն պայքարի բնագավառում»:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն ասում է, որ թիրախում հակակոռուպցիոն ռազմավարությունն է ու դրա 2015-18 թթ. միջոցառումների ծրագիրը: Այն ի դեպ երկարատև քննարկումներից վերջերս արժանացել է հակակոռուպցիոն խորհրդի հավանությանը և սպասում է կառավարության հաստատմանը:
Ինչ է ակնակալում պետությունն այդ ծրագրի իրականացման արդյունքում: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասում է, որ ուզում են այնպիսի արդյունք ունենալ, որ քաղաքացին ինքը զգա կոռուպցիայի նվազումը:
Հահակոռուպցիոն պայքարի թիրախում լինելու է հատկապես 4 ոլորտ՝ կրթություն, առողջապահություն, հարկերի հավաքագրու , ծառայությունների մատուցում ոստիկանության կողմից: Արդարադատության փոխնախարարը նշում է, որ առաջին անգամ ու հատուկ ուսումնասիրությ անում են նաև բիզնեսի ոլորտում:
Ի դեպ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն օրերս իր հարցազրույցներից մեկում անդրադարձել էր Միացյալ նահանգների աջակցությամբ իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերին, նաև ակնարկել, որ Հայաստանում կոռուպցիայի առկայությունը խոչընդոտում է ներդրումներին:
«ԱՄՆ դեսպանը հայտարարություն արեց, բայց մենք այդ հայտարարության գնահատականները ստանում ենք տարբեր հաշվետվությունների, զեկույցների տեսքով նույնպես ու գիտենք իրավիճակը: Ոչ ոք չի ասում, որ մեր երկրում ամեն ինչ լավ է, բայց պետք չէ ժխտել, որ մեր քայլերը հատկապես վերջին տարվա ընթացքում ավելի ակտիվ են դարձել»:
Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով ՝ Միացյալ Նահանգների դեսպանը որևէ նոր բան չի ասել. ուշադրություն է հրավիրել մի խնդրի վրա, որը մտահոգության առարկա է Հայաստանի համար: Խոսքը ներդրումների նվազման դինամիկայի մասին է:
«Որ իսկապես կոռուպցիան լուրջ ազդեցություն է թողնում ներդրումային միջավայրի վրա, ակնհայտ է ներդրումների դինամիկայից: Եթե ներդրումներն այսքան քիչ են, պետք է հասկանալ պատճառները: Ես կարծում եմ, որ պատճառներից հիմնականը հենց կոռուպցիան է»:
Հակակոռուպցիոն նոր հարթակը փորձելու է կոնկրետ խնդիրներ քննարկել ու լուծումներ առաջարկել: Օրինակ կարևորում են ապօրինի հարստացման քրեականացումը: Ծրագրի կոնկրետ ուղղություններից մեկը լինելու է հենց այս ինստիտուտի ներդրման փորձը: