Թուրքիայում հրաժարական տված քրդամետ նախարարների փոխարեն նորերն են նշանակվել


Թուրքիայի կառավարության երկու հրաժարական տված անդամների փոխարեն այսօր նոր նախարարներ են նշանակվել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը: Քրդամետ Ազգերի ժողովրդավարության կուսակցության ներկայացուցիչ նախարարներ Ալի Հայդար Քոնջան ու Մյուսլիմ Դողանը հրաժարական էին տվել՝ բողոքելով երկրի հարավ-արևելքում բռնությունների աճից։
«Համաձայն Թուրքիայի սահմանադրության՝ հրաժարական տված նախարարների փոխարեն ԵՄ հարցերով նախարար է նշանակվել Բերիլ Դեդեօղլուն, իսկ զարգացման նախարար՝ Ջունեյթ Դյուզյոլը»,- ասված է կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Դեդեօղլուն Ստամբուլի Գալաթասարայ համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի ղեկավարն է, Թուրքիայի արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ:
Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո իշխող կուսակցությանը չհաջողվեց խորհրդարանական մեծամասնություն կազմել, նաեւ կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Թուրքիայում նոյեմբերին նոր խորհրդարանական ընտրություններ են կայանալու, սակայն մինչ այդ ժամանակավոր կառավարություն է ձևավորվել, որում ներառված են նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։