Քարագալխի 70- ամյա երիտասարդ գործարարը


Վայոց ձորի մարզի Քարագլուխ համայնքի 70-ն անց բնակիչ Շահեն Մովսիսյանը, ինչպես ասում է, «գլուխ քորելու» ժամանակ չունի. առավոտից երեկո զբաղված է մեղվաբուծության սեփական բիզնեսը զարգացնելով: Նախկինում ընտանիքի ապրուստը արտագնա աշխատանքով վաստակող Մովսիսյանն այսօր Քարագլխից հեռանալու միտք չունի, բայց սեփական հաջողությունը միայնակ վայելել չի լինում: Գյուղում անգործությունը շատ է, հիմնական զբաղմունքը անկոչ հյուրերի՝ արջերի դեմ պայքարն է:
Արտագնա աշխատանքի նպատակով ժամանակին նա Մոսկվա էր մեկնում: Առաջին անգամ դատարկ վերադարձավ, երկրորդ անգամ՝ոչինչ, ասում է: Վայոց Ձորի Քարագլուխ համայնքի բնակիչ Շահեն Մովսիսյանն ընտանիքի ապրուստը վաստակելու համար տարվա մեջ վեց ամիս արտագնա աշխատանքի էր մեկնում:
Այժմ Քարագլխից հեռանալու միտք էլ չունի: Մեղվաբուծության վերաբերյալ նրա բիզնես ծրագիրը մեկ տարի առաջ արժանացավ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հավանությանն ու օժանդակությանը, ինչի շնորհիվ 70-ն անց Մովսիսյանն այսօր հաջողությամբ զարգացնում է իր բիզնեսը հայրենի Քարագլխում:
Ինչպես ասում է՝ գլուխ քորելու ժամանակ չունի: Ծրագրի աջակցությամբ գնել է 330 հազար դրամ արժողությամբ ունիվերսալ փայտամշակման հաստոց, 1.5 միլիոն դրամանոց «Ford» մակնիշի ավտոմեքենա, որով գնում է հարեւան գյուղ՝ մեղուներին խնամելու: Մեքենան չլիներ , գործը բարդ էր լինելու։
Մովսիսյանի հոգսն այսօր համագյուղացիներն են ու նրանց հոգսերը: Փոքրիկ համայնքում հաջողությունը միայնակ վայելել չի լինում: Ուր էր թե մյուսների բախտն էլ ժպտար: Մարդիկ աշխատանք ունենային ու մնային գյուղում։
Քարագլխից Ռուսասատան արտագնա մեկնողների թվում նաև Շահեն Մովսիսյանի երկու որդիներն են: «Մեծս չէր գնացել, համը չէր տեսել, թող տեսնի»,- ասում է: Փոքր որդին վերջերս «սև ցուցակում» է հայտնվել: Նրա մուտքը Ռուսատանի Դաշնություն արգելված է։ «Արգելքը հանվի՝ կգնա, հրաշալի շինանար է, ձեռքից ամեն ինչ գալիս է, իսկ իմ գործը մի մարդու բիզնես է, ամեն ինչ մենակ էլ հասցնում եմ»,- ասում է։
70-ն անց գործարարը հույս էլ չի փայփայում, թե որդիները կշարունակեն Մովսիսյան գերդաստանի մեղվաբուծության ավանդույթները: Փոքր որդին մեղուներից ալերգիա ունի, անգամ մեղր չի ուտում: Յուրահատուկ լավատեսությամբ առանձնացող մեղվաբույծը, այդուհանդերձ, դժգոհում է. «Ջահելներն այսօր ծուլացել են, համարյա ինտերնետում են ապրում: Գյուղում անգործությունը շատ է, հողի հետ կռիվ տալու փոխարեն Քարագլխում այսօր արջ են քշում»։
Քարագլխում արջերի դեմ պայքարի միակ միջոցն այսօր, փաստորեն, ռադիոն է: Բողոքները մինչև վարչապետին են հասել, ասել է՝ պիտի հարմարվեք։