Քաղաքական

Պեկինում կայացել է Հայաստանի եւ Չինաստանի վարչապետերի հանդիպումը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 22-ին  Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:

Ողջունելով Հայաստանի վարչապետին՝ ՉԺՀ պետական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել  Չինաստան այցելելու իր հրավերը ընդունելու  և Եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցելու համար: Նա բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը և համոզմունք հայտնել, որ վարչապետ Աբրահամյանի այցը Չինաստան կնպաստի փոխգործակցության էլ ավելի զարգացմանը և ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով  ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն­նե­րից է: Ընդգծելով, որ տնտեսական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ՝ Հովիկ Աբրահամյանը   համոզմունք է հայտնել, որ այցը նոր լիցք կհաղորդի  հայ-չինական կապերի  ամրապնդմանը և տնտեսական համագործակցության ընդլայնմանը։

Փաստելով, որ վերջին տարիներին երկու երկրների  միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ակտիվորեն զարգանում է, Հայաստանի և Չինաստանի վարչապետները բարձր են գնահատել Հայաստանի Հանրա­պետության Նախագահ Սերժ Սարգսյանի մարտին կայացած պետական այցը  ՉԺՀ, ինչը երկու երկրների բարեկամական  հարաբերությունները որակական նոր մակարդակի է բարձրացրել և նոր թափ է հաղորդել հայ-չինական համագործակցության զարգացմանը: «Ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանի և Չինաստանի ղեկավարների միջև հանդիպման արդյունքների հիման վրա մենք ակտիվորեն աշխատում ենք բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների առաջխաղացման և ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ», — ասել է Հովիկ Աբրահամյանը:

Երկու երկրների վարչապետերը կարևորել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության,  գյուղատնտեսության, զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի, քաղավիացիայի ոլորտներում  հետագա համագործակցության խորացումը, համատեղ կոնկրետ ծրագրերի  իրականացումը: Այս համատեքստում կարևոր է համարվել  Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը:

Վարչապետ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների  միջև առևտրատնտեսական հարաբերություններն  առաջընթաց են արձանագրել, և զգալի աճել է ապրանքաշրջանառությունը (ավելի քան կես միլիարդ դոլար):  ՉԺՀ վարչապետ Լի Քեցյանը իր հերթին  ընդգծել է, որ բոլոր ոլորտներում՝ թե քաղաքական, թե տնտեսական և թե հումանիտար, առկա է արդյունավետ փոխգործակցություն, և Չինաստանը  պատրաստ է խորացնելու և ամրապնդելու  դրանք։

Հայաստանի և Չինաստանի վարչապետերը մանրամասն քննարկել են  Իրան–Հայաստան երկաթուղու, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերը: Չինաստանի վարչապետը վերահաստատել է  չինական կողմի  հետաքրքրվածությունը այս հարցում: Նա պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման, արդյունաբերության, հումանիտար եւ այլ ոլորտներում: ՉԺՀ վարչապետը տեղեկացրել է, որ Չինաստանում ուսանող հայ երիտասարդների կրթաթոշակը հաջորդ տարվանից կբարձրացվի:

Հանդիպման վերջում Հովիկ Աբրահամյանը Չինաստանի վարչապետին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:

 

Back to top button