Ցեղասպանություն 100Քաղաքական

Հայ- թուրքական հաշտեցման հերթական ծրագիրն է իրականացվում. այն անգամ Գերմանիայի ԱԳՆ ֆինանսավորմամբ

lianaeghiazaryan

Այս աշնանը հնարավոր է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկում Բունդեսթագում, սակայն կոնկրետ ժամկետ նշել չեմ կարող, այսօր հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Դիվանագետն այսօր մասնակցել է «Գործելով միասին» հայ-թուրքական հաշտեցման ծրագրի առաջին փուլի արդյունքների ներկայացմանը: Ծրագիրը, ի դեպ, իրականացվում է գերմանական կողմի խոշոր ֆինանսավորմամբ: Որքանով է իրատեսական Թուրքիայում ներկայիս քաղաքական խառնաշփոթի պայմաններում այդքան հսկա ռեսուրս ծախսել մի անգամ արդեն ձախողված ծրագրի վրա, ու ինչ է ի վերջո այն խոստանում:

 

Ինչ փուլում է Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության եզրույթը պարունակող բանաձեւի քննարկումը, այսօր հարց ուղղեցինք Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով, հիշեցնենք, ընդամենը 2 ամիս է դիվանագիտական աշխատանքի անցել Հայաստանում:

Կրկին որպես հիշեցում նշենք, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Գերմանիայի եւ այդ երկրի խորհրդարանի նախագահները հանդես եկան հայտարարություններով` 1915-ի դեպքերը հստակ բնորոշելով որպես Ցեղասպանություն: Հաջորդեց Բունդեսթագում այդ դեպքերը դատապարտող նոր բանաձեւի քննարկումը: Այժմ հարցը դրանում «Ցեղասպանություն» եզրը օգտագործել-չօգտագործելուն է վերաբերում:

«Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան` Մաթիաս Քիսլերը շեշտեց, որ բուռն քննարկումներ են ընթանում բանաձեւի շուրջ: Դրա քննարկումն ու քվեարկությունն անհասկանալիորեն հետաձգվում են: Արդյո՞ք ռիսկ չկա, որ այն կմոռացվի խորհրդարանական հանձնաժողովներում: Դեսպանն այս հարցի առնչությամբ փոխանցեց իրեն հայտնի տեղեկությունները:

«Գերմանիայի Բունդթստագում այժմ բանաձեւի շուրջ լսումներն ընթացքի մեջ են: Որքանով ես տեղյակ եմ, աշնանը ճանաչման օրինագիծը կքննարկվի Բունդեսթագում։ Բայց ես չեմ կարող հստակ օր ասել, թե երբ օրինագիծը կքննարկվի։ Բայց ուզում եմ շեշտել. այս թեման շատ կարևոր է Գերմանիայի տարբեր ոլորտների համար»։

Հայաստանում Գերմանիայի դեսպանը նաեւ տեղեկացրեց` այժմ Հայաստանում է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարի ղեկավարած պատվիրակությունը: Նրանց հետ այսօր իրենք եղել են Ծիծեռնակաբերդում, ծաղիկներ խոնարհել: «Մեզ երկուսիս համար շատ հուզիչ էր»,-ասաց։  Գերմանիայի նույն երկրամասում այժմ պատմության դասագրքերն են վերանայվում` ներառելով նախորդ դարում կատարված Ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության թեման:

Վերադառնալով Բունդեսթագում քննարկվող բանաձեւին` հիշեցնեմ` Գերմանիայի խորհրդարանը դրանով միաձայն ընդունում է իր մեղսակցությունը հայոց ջարդերին ու իր պարտքը համարում նպաստել հայ-թուրքական հաշտեցման նոր եզրեր գտնելուն: Այդ նպատակով Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը 850 հազար եվրո է տրամադրել, որը եւ ուղղվում է «Գործելով միասին» հայ-թուրքական հաշտեցման ծրագրին:

Սա ենթադրում է երկու հասարակությունների միջև որոշակի շփումներ: Մասնակցում է 10-ական երիտասարդ երկու կողմից, ովքեր մի քանի օր միմյանց հետ արդեն ճանապարհորդել են Գյումրիում, Էջմիածնում, Թալինում, Երևանում, օրագրային նոթեր, պատմություններ են հավաքել, քննարկումներ անցկացրել: Ծրագրի`Թուրքիայում նախատեսված մասը տեղի կունենա հաջորդ տարի` քաղաքական իրադրությամբ պայմանավորված։

Բայց այս համատեքստում բազմաթիվ հարցեր են ծագում: Այժմ, երբ Թուրքիայում ներքաղաքական խիստ լարված վիճակ է` խորհրդարանական ընտրություններ, քրդական խնդիր, իսլամական պետության վտանգներ, արդյո՞ք ճիշտ ժամանակն է վերադառնալ հայ-թուրքական հարաբերությունների նոր եզր գտնելուն, այն էլ այն դեպքում, երբ Թուրքիան ինքը հետ կանգնեց հայ-թուրքական հայտնի արձանագրություններից:

Թուրքիան Հայաստանի հետ սահմանները փակ է պահում Արցախյան հակամարտության պատճառով: Արդյո՞ք իրատեսական է այսօր հավակնել սահմանի բացմանը, երբ նույն հակամարտությունը նույն սրությամբ շարունակում է մնալ: Արդյո՞ք քաղաքացիական հասարակության գիտելիքների բարձրացմամբ հնարավոր է հասնել Թուրքիայում քաղաքական որոշման փոփոխության: Եւ ի վերջո, արդյո՞ք այս նոր նախաձեռնությունը նորովի կասկածի տակ չի դնում Հայոց ցեղասպանության փաստը, երբ դրա մասին պատմող նոր տեղեկություններ են հավաքվում` չնայած այդ մասին փաստող չափազանց հարուստ արխիվներ կան:

Թեմային առնչվող հարցերը բազմաթիվ էին: Իր մասով հարցերին Գերմանիայի դեսպանը դժվարացավ պատասխանել, նոր եմ այստեղ, պատճառաբանեց: Իրենք` նախաձեռնությունն իրականացնողները, լիահույս են, որ մի քանի օրվա իրենց ծրագիրը կտա արդյունքներ` գոնե Ցեղասպանության  ճանաչմանը նոր թափ կհաղորդվի:

Back to top button