Ցեղասպանություն 100Քաղաքական

Ինչպե՞ս ստիպել Թուրքական կառավարությանը ճանաչել անցյալ դարասկզբի ամենամեծ ոճրագործությունը

Հռիփսիմե Առաքելյան
«Ռադիոլուր»-Կիպրոս

 


Եթե սխալ եք գործում, ներողություն խնդրեք: Թերևս շատերը չեն կարողանում հաղթահարել ներողություն խնդրելու պատնեշը: Գործն ավելի է  բարդանում, երբ ներողություն խնդրելու առիթը պատմական կնճռոտ իրադարձությունների, մարդկության դեմ գործած չարագործությունների եւ ցեղասպանությունների մասին է:

Արդյո՞ք պատրաստ են ժամանակակից պետությունները, մարդկության դեմ գործած հանցագործությունների համար կառավարական մակարդակով հայցել ներողամտություն: Բրիտանիայի հետազոտական խորհուրդն է փորձում գտնել այս հարցերի պատասխանները: Կիպրոսի Կենտրոնական Լանքաշիր համալսարանում են հավաքվել մարդիկ, ովքեր իրենց երկրների պատմական անցյալում բախվել են չարագործություների՝ ցեղասպանգետներ, պատմաբաններ,իրավաբաններ նաև ցեղասպանություններից տուժած կողմեր:

Հնչում են հարցեր և պատասխաններ, բանավիճային մթնոլորտ է: Անդրադարձը Հայոց ցեղասպանությանը շատ հստակ էր: Գտնել մեխանիզմներ՝ ստիպելու Թուրքական կառավարությանը ասել ներողություն և ճանաչել անցյալ դարասկզբի ամենամեծ ոճրագործությունը: Գիտաժողովի կազմակերպիչն է միջազգային իրավունքի մասնագետ, Մեծ Բրիտանիայի Սըրրիի համալսարանի դասախոս, մեր հայրենակից՝ Արման Սարվարյանը:

Այս տարվա ապրիլին էր, երբ Բերքլիի համալսարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի ժամանակ, Միչիգանի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր, թրքուհի Ֆաթմա Գյոչեկը իր զեկույցը սկսեց հայ ժողովրդին ուղղված ներողության խնդրանքով: «Թերևս պետք է ավելի մեծ ճիգեր գործադրել, որպեսզի թուրք հասարակությունը ավելի լայն շրջանակով հասկանա այս ծանր հանցագործության էությունը  և դատապարտի»,-այս տեսակետի հեղինակն էլ  թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է, ով նույնպես գիտաժողովի մասնակից է:

Հանցագործ է համարվում ոչ միայն ցեղասպանությունը իրագործած տվյալ ժամանակահատվածում պետության գլուխ կանգնած իշխանությունը, այլ նաև իր իրավահաջորդը,-սա էլ ասում է պրոֆեսոր Ջոն Ստրաուսոն, ով իրավաբան է և ժամանել է Իսլանդիայից: Վերջինս ղեկավարում է Իսլանդիայի համալսարանի միջազգային իրավունքի բաժինը:

«Ցեղասպանություն կատարելը այդքան էլ էժան երևույթ չէ, որ բավարարվես միայն ներողություն խնդրելով: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դրանից հետո միայն կարելի է կարգավորել փոխհատուցման այլ տարբերակները»:

Գիտաժողովների այս շարքը թերևս շարունակական կլինի: Սա թվով երկրորդն էր: Մեկնարկը տրվել էր տարեսկզբին՝ Հյուսիսային Իռլանդիայում: Գիտաժողովի կազմակերպիչները պրպտումերի մեջ են՝ գտնել նոր մոտեցումներ և ստեղծել հնարավորություններ՝ ներողության խնդրանքի կարևորության և պատմական հակասությունների լուծման, նաև կողմերի հաշտեցման գործում:

Back to top button