Ի՞նչ խնդիր կլուծի ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությունը


Ինչու՞ այդքան ծախս՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում աուդիտ անցակցնելու համար, ինչու՞ հատկապես օֆշորում գրանցված ընկերությանն օտարում, ի՞նչ է լինելու ընկերության վաճառքից հետո: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը ՀԷՑ-ի՝ հապճեպ վաճառքի որոշման հետ կապված մի շարք անպատասխան հարցեր ունի: Փորձագետը մտահոգված է՝ նման գործարքների մեջ ոչ թափանցիկությունը արատավոր պրակտիկա է դառնում: Խաչատրյանն այսօր հիշեցրել է Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը մեկ ամիս առաջ գրանցված ունեցող ընկերությանը վաճառելը: «Հարցականները ապագան կանխորոշելու անորոշություն են բերում», — հայտարարել է տնտեսագետն ու անգամ դժվարացել կանխատեսել, արդյո՞ք, վաճառքից հետո սակագնի բարձրացման դեմ պայքար կլինի, թե ոչ: Վիլեն Խաչատրյանը նաև կարծիք է հայտնել, որ հնարավոր կլինի գործարքը վերջնականապես գնահատել վաճառքից հետո միայն:
Ի՞նչ խնդիր կլուծի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության սեփականատիրոջ փոփոխությունը: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը դժվարանում է պատասխանել ոչ միայն այս, այլ նաև նմանատիպ մի շարք այլ հարցերի՝ անհրաժեշտ էր արդյո՞ք աուդիտ անցկացնել, ինչու ընկերությունը վաճառել հատկապես Կիպրոսյան օֆշորում գրանցված ընկերության: Նշենք, որ Կիպրոսը համարվում է ռուսական ընկերությունների փողերի կենտրոն: Հիշեցնենք՝ կառավարության վերջին նիստի մեկնարկից րոպեներ առաջ օրակարգում ներառվեց ԻՆՏԵՐ ՌԱՕ -ԵԷՍ ընկերության՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բաժնետոմսերի 100 տոկոս օտարման նախագիծը: Ավելին, ԻՆՏԵՐ ՌԱՕ-ն կառավարությանն առաջարկում է կոնկրետ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառել:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը էլեկտրաէներգիայի սակագնի բարձարցմանը նախորդող ու հաջորդող քայլերն է հիշեցնում՝ սակագնի բարձրացման հայտարարություն, պայքար, փոխհատուցում բնակիչներին, հետո նաև փոխհատուցման խոստում՝ փոքր ու միջին բիզնեսին:
«Սրանք բոլորը հերթական քայլեր էին: Ու երբ որ այդ ամբողջ մոզաիկան հավաքում ես, ու երբ որ ամբողջ հերթականություն դնում ես, ու վերջում հոպ՝ վաճառքի գործարք, ինչ է առաջանում, որ դա խաղի արդյունք է: Բոլորը դառնում են այն բաղադրիչները, որ թույլ են տալիս ինձ ենթադրել, որ սա մի շախմատային խաղ է՝ իր ֆիգուրներով դասավորված»:
Խաչատրյանը չի բացառում, որ ՀԷՑ-ը երկրորդ անգամ էլ է գնվել ռուսական կապիտալով: Փաստարկը՝ կրկին Կիպրոսյան օֆշորում գրանցումն է: Տնետսագետը հիշեցնում է՝ մոտ մեկ տարի առաջ, երբ Կիպրոսում այսպես ասենք, ավանդների հարկման ճգնաժամ նշմարվեց, նրանց ֆինանսների նախարարն առաջինը Ռուսաստանի Դաշնություն մեկնեց: Եթե Ռուսաստան է մտնում անհայտ, սակայն, օֆշորային կապիտալ, այդ երկիրը փորձում է դեօֆշորիազացիա իրականացնել՝
«Դա նշանակում է օֆշորում գտնվող փողերը բերել քո երկիր՝ օրինական ճանապարհով: Արի գրանցվի, ասա ինչ ունես, ես քեզ չեմ հարկի և այդ փողերով գործի: Մենք ընտրել ենք հակառակը, մենք օֆշորից փողերով փորձում ենք, այսպես ասած, առանց ծագման ճանապարհը հասկանալու, գումարները ներգրավել մեր երկիր: Սա ևս խնդիր է»:
Առայժմ գաղտնի է պահվում, թե ով է ընկերության սեփականատերը: Հիշեցնեմ, էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ չգիտի, թե ով է «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ընկերության սեփականատերը: Իսկ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոստացավ մոտ մեկ շաբաթ անց պատասխանել բոլոր հարցերին: Ի դեպ, երկու օրից խոստացված մեկ շաբաթը լրանում է: