Ի՞նչ ակնկալել ՀԱՊԿ- ում Հայաստանի նախագահությունից


Հայաստանը ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը: Սա քննության ժամանակաշրջան է, որի ընթացքում մեր երկիրը պետք է փորձարկի ՀԱՊԿ-ի կենսունակության շրջանը՝ ՀՀ անվտանգության պահպանման տեսանկյունից: Ո՞րն է այն սահմանը, որի հատման դեպքում Կոլեկտիվ անվտանգության պայամանգրի դրույթները կիրառելի կլինեն կազմակերպության կողմից։
Հայաստանի նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում կարևոր է մի քանի առումներով: Ստանձնելով նախագահությունը՝ Հայաստանն իր անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր վտանգ պետք է բարձրացնի ՀԱՊԿ շրջանակներում և պահանջի համապատասխան հոդվածի կիրառում, որը վերաբերում է ՀԱՊԿ անդամ երկրների նկատմամբ ոտնձգություններին: Նման տեսակետ այսօր հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը` մատնանշելով այս տարի գրանցված սահմանային խախտումներն ու Ադրբեջանի կողմից մինչ օրս չօգտագործած զինատեսակների կիրառումը։
Քաղաքագետը նկատում է, որ չպետք է ոչ մի իրավիճակ խանգարի ՀՀ-ին քննարկել իր ռազմաքաղաքական անվտանգությանն ուղղված սպառնալիքները կազմակերպությունում: ՙՀայաստանը ոչ միայն սահմանին պետք է պատժի հակառակորդին, այլև միջազգային հարթակներում ու միջազգային կառույցների միջոցով Ադրբեջանին զսպելու քաղաքականություն ունենա, իսկ ՀԱՊԿ-ն էլ պետք է դառնա այդպիսի կառույցներից մեկը, այլապես այս մոտեցմամբ կազմակերպությունը չի ավելացնում ՀՀ պաշտպանվածությունը, իսկ պաշտպանության իրավունք Հայաստանն ունի՚,- նշում է Ստյոպա Սաֆարյանը:
Քաղաքագետը շեշտում է, որ կան զինատեսակներ, որոնք օգտագործվում են բացառապես պատերազմական իրավիճակներում, և այն, ինչ կիրառվեց Ադրբեջանի զինուժի կողմից հայ-ադրբեջանական սահմանում՝ հավասարազոր էր պատերազմ սկսելուն: «ՀԱՊԿ ունի կոնսուլտացիոն մարմին, որը հենց որոշում է նման հարցերը: Եվ, ի վերջո, ՀԱՊԿ անդամ երկիրն ինքն ունի սահմանումներ՝ իր անվտանգությանը սպառնացող վտանգների համար: Չեմ կարծում, որ առանձնակի դժվար է կլինի սահմանել, թե ինչ է պատերազմը: Այլ խնդիր է, որ մինչև այժմ ՀԱՊԿ- ն ցանկություն չի ունեցել քննարկել այդ խնդիրը»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը։
2008-ին, երբ Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը, ՀՀ անվտանգության պահպանման համար կարևոր մի շարք համաձայնագրեր ստորագրվեցին, հիշում է նա և հույս հայտնում, որ կրկին նախագահելով կազմակերպությունը՝ սա լավ հնարավորություն կստեղծվի փորձարկել դաշինքի նշանակությունը անվտանգության պահպանման առումով:
Ստյոպա Սաֆարյանը մասամբ է համաձայն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն մտքի հետ, թե մի կրակոցի համար չեն կարող դիմել ՀԱՊԿ-ին։ ՙՃշմարտություն կա, բայց երբ արդեն հակառակորդը օգտագործում է զինատեսակներ, որոնք պատերազմին բնորոշ իրավիճակ են ստեղծում, պետք չէ հապաղել՚,- կարծում է քաղաքագետը: