Միջազգային

Թեհրանն ու Մոսկվան ուժեղացնում են կապերը Դամասկոսի հետ, Վաշինգոտնը զգուշանում է

marlenahovsepyan

Մոսկվան և Թեհրանը կուժեղացնեն կապերը Դամասկոսի հետ՝ Սիրիայում իրավիճակի քաղաքական կարգավորման վերաբերյալ Իրանի առաջարկների հետ կապված, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը: Դիվանագետն ասել է, որ Սիրիայի հարցում քաղաքական որոշումների հետ կապված  Մոսկվան և Թեհրանն ունեն ընդհանուր մոտեցումներ: «Մենք ՌԴ փոխարտգործնախարար  Միխայիլ Բոգդանովի հետ քննարկել ենք այն ծրագրի մանրամասները, որը Դամասկոսին առաջարկել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը։ Ծրագրում ենք ակտիվացնել երկխոսությունը Սիրիայի իշխանությունների հետ»,- նշել է Աբդոլահիանը։

Նրա խոսքով՝ Սիրիայի հարցով ցանկացած խաղաղ ծրագիր պետք է նախատեսի նախագահ Բաշար ալ-Ասադի մասնակցությունը։

Իրանի փոխարտգործնախարարը նաև հայտարարել է, որ Սիրիայում իրանական ռազմական ներկայություն չկա, Թեհրանը Սիրիա և Իրաք այդ երկրների իշխանությունների խնդրանքով ուղարկել էռազմական գծով խարհրդականներ, նրանք օգնում են ահաբեկչության դեմ պայքարում:

Իսկ Վաշինգտոնը Ռուսաստանին մեղադրում է Սիրիայում ռազմական ինքնաթիռներ տեղակայելու մեջ, հայտնում է «Ֆրանս պրեսը»՝ վկայակոչելով   Վաշինգոտնի բարձրաստիճան իր աղբյուրը: Խոսքը 28 ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների մասին է, որոնք, ըստ աղբյուրի, տեղակայվել են Լաթաքիայի ռազմական օդանավակայանում:

Ռուսական ռազմական ներկայությունը Սիրիայում ամրապնդելու մասին այսօր գրում է նաև The Financial Times պարբերականը: Թերթի աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանը ծրագրում է Լաթաքիայում կառուցվող ռազմակայան  ուղարկել 200 զինվոր: Նախօրեին էլ Reuters գործակալությունը հայտնել էր Սիրիայի տարածքում ռուսական անօդաչու ինքնաթիռների հետախուզաան թռիչքների մասին:

Ռուսաստանը բազմիցս հերքել է Սիրիայում ռուսական ռազմական ներկայության մասին լուրերը:

Back to top button