Տնտեսական

Հայաստանի տնտեսական անկախությունը` չակերտներո՞ւմ, թե՞ չակերտներից դուրս

lianaeghiazaryan
«Հայաստանի տնտեսական անկախության մասին խոսելիս տնտեսագետները միանգամից չակերտավորում են ձեւակերպումը: Անկախ Հայաստանի տնտեսական կախվածությունները խիստ վտանգավոր են համարում երկրի տնտեսական կյանքին ծանոթ մարդիկ ու հատկապես շեշտում կախվածություն առաջացնող ներքին խնդիրները: Մինչդեռ պետական պաշտոնատար շրջանակներում հակված են բոլոր տնտեսական խնդիրների հիմքում արտաքին գործոնները տեսնել: Անկախ Հայաստանի տնտեսական կախվածության թեման՝«Ռադիոլուր»-ի անդրադարձում:

 

Հայաստանի անկախության մասին խոսելիս նախ շեշտադրվում է տնտեսական անկախության հարցը: Ու թեմայի շրջանակներում հնչում են ամենատարբեր ու ծայրահեղ հակասական կարծիքներ: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն, օրինակ, միանգամից է շտկում մտցնում «տնտեսական անկախություն» ձեւակերպման մեջ: Այն այլեւս արդի չէ, գլոբալիզացիան բոլոր մակարդակներում պահանջում է վերապահումով մոտենալ հարցին` նոր լույսի տակ դիտարկելով, ասում է: Գնահատելով Հայաստանի դիրքերը ոչ թե տնտեսական գործակցության, այլ տնտեսական կախվածության մեջ` Մինասյանը մեզ միանգամից այլ երկրների հետ է համեմատում: Այսօր չկա մի երկիր, որի տնտեսությունը գլոբալ զարգացումներից կախված չէ, մեկն ավելի շատ, մեկն ավելի քիչ: Մեր տնտեսության առավել բարձր խոցելիության հիմքում Մինասյանը 2 գործոն է տեսնում` փոքր ենք` բարդ տնտեսությամբ:  

«Հայաստանն իհարկե անկախ պետություն է, բայց ժամանակակից աշխարհում այդ տերմինը պետք է վերապահումով ընդունել»:

Իր 24 տարվա անկախ կյանքում Հայաստանը տնտեսական բարդ գործընթացներով է անցել: Բայց բոլոր խնդիրներով հանդերձ` ի վերջո տնտեսական հիմնական ինստիտուտներն ունենալ հաջողեցինք` սեփական արժույթ, դրամավարկային քաղաքականություն, բյուջետային, հարկային համակարգ, թվարկում է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը: Սա հիմք է ասելու, որ տնտեսական անկախության որոշ ատրիբուտներ ունենք, գնահատում է Առաքելյանը, բայց միանգամից խոսքը շարունակում «բայց»-ով:

«Սակայն, ցավոք, այսօր մեր տնտեսության կառուցվածքն այնպիսի վիճակում է գտնվում, որ հնարավորություն չունենք ապահովելու քաղաքացիների այն բարեկեցությունը, որը պետք է ունենա անկախ պետությունը: Դա հիմնականում պայմանավորված է ինչպես տնտեսության ներքին բավական լուրջ խնդիրներով, այնպես էլ արտաքին տնտեսական հարաբերություններով»:

Փոքր տնտեսությունները ստիպված են խոշոր միությունների ճանապարհը բռնել, սա նաեւ ինտեգրացիոն նորմալ գործընթաց է, որոնց շարքին կարելի է դասել ԵՏՄ-ին անդամակցությունը: Բայց հենց այստեղ է, որ տնտեսական անկախության մասին խոսելիս միանգամից տնտեսական կախվածությունն ես հիշում կոնկրետ օրինակով` Հայաստանի լուրջ կախվածությունը ռուսական տնտեսությունից: Այս առումով Հայաստանն իր տնտեսության վրա ուղղակիորեն ու ցավագին զգում է ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական խնդիրների ծանրություն, որի կոնկրետ հետեւանքներից մեկը տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն այսպես է գնահատում:

«Երկար տարիներ Հայաստանի բնակչության գերակշիռ մասի եկամուտները ստացվում են Ռուսաստանում ապրող նրանց հարազատների տրանսֆերտների հաշվին, որոնք այս պահին նույնիսկ գերազանցում են Հայաստանի պետական բյուջեի եկամուտները: Հետեւաբար, այդ եկամուտների կտրուկ տատանումները ամբողջովին անդրադառնում են մեր երկրի վրա, իսկ այդ եկամուտների վրա Հայաստանը, բնականաբար, որեւէ ազդեցություն չի կարող ունենալ»:

Երբ խոսում ենք տնտեսական անկախության մասին այն համատեքստում, որ Հայաստանի հիմնական, նաեւ ռազմավարական տնտեսական ենթակառուցվածքների ղեկավարում մեր ձեռքում չէ, շատերը միանգամից անկախություն բառը չակերտների մեջ են առնում: Ստվերային տնտեսություն, մենաշնորհներ, տնտեսության սխալ կառուցվածք ու ճիշտ քաղաքականության բացակայություն: Սրանք որպես անկախ Հայաստանի տնտեսական անկախության հիմնական սպառնալիք թվարկում է ոչ միայն տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը, այլև Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Տնտեսական կախվածության առաջին բնութագրիչը արտահանումից բարձր ներմուծման ծավալներն են, այսինքն` մենք կախված ենք այլ երկրների արտադրողից, ասում է Մակարյանը: Ամենացավոտ կախվածությունը էներգակիրների առումով է, այն էլ մեկ երկրից, դիվերսիֆիկացիա չկա: Տնտեսական անկախության ապահովման Սահմանադրության պահանջը մեր երկրում խախտվում է ամեն օր, երբ ընկերոջ, ծանոթի, հովանավորի լծակներն են գործում: Սա էլ է տնտեսական կախվածության ցուցանիշ, ու այս հանգամանքը խանգարում է տնտեսական աճին, ներդրումներին, պետական, քաղաքական ուժերից անկախ բիզնես չի լինում: Ու ստացվում է, որ ներքին անկախության բացակայությունն արտաքինից ավելի վտանգավոր է դառնում, հայտարարում է Գագիկ Մակարյանը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը միանգամից ու կտրուկ է արտահայտվում` մենք տնտեսական անկախություն ընդհանրապես չունենք: Եւ սա զրուցակիցս անմիջապես դիտարկում է տնտեսական ու պետական անվտանգության տեսանկյունից: Տարածաշրջանում կամ համաշխարհային շուկայում ցանկացած անկում մեզ երկարաժամկետ ճգնաժամի մեջ է գցում: Բայց արտաքին գործոնները գոնե տեսնել ու կանխատեսել կարելի է, իսկ մեր ներքին խնդիրներն ավելի լուրջ են, ասում է Խաչատրյանն ու բացատրում իր միտքը` տնտեսական կառավարման այսօրվա համակարգը պարզապես թույլ չի տալիս, որ մենք ավելի անվտանգ ու ավելի անկախ լինենք:

Back to top button