Մշակույթ

Զվարթնոցում ներկայացվեց Ալեքսանդրապոլ- Գյումրիի քաղաքային մշակույթը

aidaavetisyan
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանում այսօր բացված «Ալեքսանդրապոլ–Գյումրու քաղաքային մշակույթը» խորագրով ցուցահանդեսը նույնպես նվիրված է Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձին: Մինչ ցուցադրությունը՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանի տարածքում կազմակերպվել են   զինծառայողների պարգևատրման ու  մերօրյա հերոսների մեծարման արաղություններ:

 

Հայաստանի երրորդ հանրապետության անկախության  24-րդ տարեդարձը մեր երկրում այլևայլ տոնական միջոցառումներից զատ նշանավորվեց նաև  մերօրյա հերոսների մեծարման  ու Էջմիածնում տեղակայված  զորամասի զինծառայողների պարգևատրման արարողություններով: Սակայն իրադարձություններն  առանձնակի խորհուրդ ունեին, քանի որ կազմակերպվել էին 7- րդ դարակեսին կառուցված ու բազմիցս վերածնված Զվարթնոցի հոյակերտ տաճարում:

24 տարի առաջ հայ ժողովուրդը վերադարձավ  զորության ակունքներին: Եվ այսօր էլ Հայաստանի ու Արցախի սահմանների  պաշտպանները  հենց անկախությանս տարիներին ծնվածներն ու անկախությունը արյան գնով ձեռք բերողների զավակներն են:  Հայոց  բանակն իր պատմության էջերը համալրելու է նորանոր հաջողություններով, վստահ են թե՛ զինվորները, թե՛ բանակի հրամանատարական  կազմը: Իսկ անկախության տոնի միակ բարեմաղթանքը  հայկական բանակն էլ ավելի հզորացնելն է:

Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձին նվիրված «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանում  պատմամշակութային արգելոց-թանգարանի և «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ  բացվեց «Ալեքսանդրապոլ –Գյումրու քաղաքային մշակույթը» խորագրով ցուցահանդեսում ներկայացված էին 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի քաղաքային  կենցաղն ու մշակույթը: «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Երևանի պատմության թանգարանի ֆոնդերում պահվող լուսանկարների, չափագրությունների միջոցով ցուցադրված է  Ալեքսանդրապոլի ժողովրդական ճարտարապետությունը, հավաքվել էր բնակարանի ինտերիեր:  Պաստառների միջոցով էլ ցուցադրված էր   թատրոնը, դպրոցն ու երաժշտությունը:

Նկարներումն ներկայացված են նաև  այնպիսի շենք- շինություններ, որոնք չեն հասել մեր օրեր, ոմանց ճակատագրերը խեղել է աշխարհացունց երկրաշարժը,  ոմանք էլ  տարիների ընթացքում փոխել են  իրենց  նշանակությունը,  ասում է  Պատմամշակութային արգելոց-թանգարանի և պատմական միջավայրի պահպանության ծառայության  ցուցադրության բաժնի պետ Էլմիրա Եսայանը:

Ցուցադրությանը հաջորդեց  նաև տոնական համերգը՝ համեմված «Տարոնցիներ», «Հուշեր» պարային  համույթների կատարումներով:

Back to top button