Հասարակություն

Անկախությունը հսկայական իրադարձություն է մեր կյանքում. Աշոտ Մանուչարյան

lenabadeyan
ԽՍՀՄ 15 պետություններից անկախության համար պայքարող առաջին պետություններից մեկը Հայաստանն էր: Ամեն ինչ սկսվեց արցախյան շարժումից՝ ԼՂ-ի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորելու համար: Դրանից հետո արդեն մեկնարկած ազգային ազատագրական պայքարի հզոր ալիքն այլեւս անկասելի էր: Տարիներ առաջ արածի համար այսօր, խոշոր հաշվով, չեն ափսոսում ոչ քաղաքական, ոչ էլ մարտական դաշտում ակտիվ գործողություններ ծավալողները: Չնայած գոյություն ունեցող խնդիրներին ու դժվարություններին, ամեն դեպքում, Անկախությունը մեծ նվաճում էր, որն այսօր արդեն մեծ հպարտությամբ տոնում է հայ ժողովուրդը:

 
Խորհրդային միության տարիներին բարձրաստիճան պաշտոնյաներից Նիկոլայ Ռիժկովն էր Ժամանակին կարծիք հայտնել, թե ԽՍՀՄ փլուզումը սկսվել է Հայաստանից. «Արցախյան շարժումն այն զանգն էր, որն արագացրեց ԽՍՀՄ քայքայումը»,- ասել է նա: Շատ ու շատ գործիչներ բազմաթիվ ու տարատեսակ հիշողություններ ունեն օրվա հետ կապված: Պայքարի տարիներին քաղաքական դաշտում ծավալվող դեպքերի անմիջական մասնակիցներից էր «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

«Իհարկե, հսկայական իրադարձություն է մեր ժողովրդի կյանքում, որովհետեւ մի հատվածը մեր Հայրենիքի ձեռք բերեց ինքնուրույն ապրելու, որպես Հայաստան ապրելու իրավունքը: Անկասկած, այն տարիներին, երբ պայքարի մեջ էին, իրոք անկախ էր՝ 88-ին անկախ էր, 94-ին անկախ էր: Հետագայում սկսվեց այն, ինչ սկսվեց»:

Սա ասելով, Մանուչարյանը չի թաքցնում, որ անկախության այսօրվա մակարդակը այն չէր, ինչի համար ինքն անձամբ պայքարում էր: Նրա սպասելիքներն ավելին էին: Անկախությունը կերտելու գործում ոչ թե քաղաքական, այլ հենց մարտական դաշտում ներդրում ունեցած Մարտին Սարգսյանը, տեղի ունեցածին եւ ազատամարտիկների այսօրվա վիճակին մոտենում է գիտակցորեն: Ասում է, ռազմական տեսակետից թափված արյունն արդարացված է, բայց պետությունն էլ պետք է գիտակցի իր պարտականությունները եւ գնահատի այդ արյան ամեն մի կաթիլը:

«Եթե զինվորը հասկանում է, ասում է Հայրենիքը քաղցր է, Հայրենիքը սրբություն է, կուզենայի, որ հայրենիքի պաշտոնյան էլ իմանար՝ զինվորը Հայրենիքի համար թանկ է: Ունենք զոհվածներ, որ երեք երեխա թողած, պայքարել են, զոհվել են ու չունեն իրենց արժանի գնահատականը: Այ, դրա համար է»:

Անկախությունը նվաճելու գործընթացն այն աստիճանի ծավալուն է, որ դեռ երկար տարիներ անընդհատ կպարզվի, թե ոչ բոլոր մասնակիցներն են հիշատակվում եւ գնահատվում արժանավույնս: Բազմաթիվ հիշողություններից կարելի է մեջբերել նաեւ այս մեկը:

«Ադրբեջանի կողմից կռվում էին եւ թուրքերը, եւ չեչենները, եւ դուշմանները Աֆղանստանից: Իսկ մենք՝ մենք էինք միայն: Տեսեք՝ հաղթեցինք: Տա Աստված այդպես հաղթական էլ գնանք առաջ: Մենք ունենք բնական, մեր արյան մեջ է անկախությունը: Եթե մեկ ուրիշի գլխին նույնը բաները բերեին՝ եւ օղակներ կազմեցին, եւ մեզ տեռորի ենթարկեցին, նրանք չէին դիմանա»:

Արդեն գոյություն չունեցող ԽՍՀՄ հսկայական պետության հետ կապված կարոտախտը, գաղտնիք չէ, երբեմն առավելապես ավագ սերունդը չի թաքցնում: Թեպետ նաեւ գնահատականներ կան, որ անկախությունից երկու տասնամյակից քիչ հետո Հայաստանը վերադարձի ճամփան է բռնել՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը: Այս ամենով հանդերձ նաեւ մեծերը չեն թաքցնում 70 տարվա բեռից ազատվելու արժանիքները:

«Այս անկախությունը միայն մեր սերունդը կարող է գնահատել, քանզի տեսել ենք 70 տարվա բռնապետության ստալինյան տոտալիտար սկզբունքները, որոնք մենք տարանք: Ճիշտ է, սոցիալիստական տեսպուբլիկա էին անվանվում, բայց մենք չունեինք այսօրվա մեր անկախությունը: Հանրապետություն, որը ստեղծելուց մարդ ազատ է շնչում իր երկրում, նա համարում է իր պետությունը, իր մայրաքաղաքը, իր ժողովուրդը, իր դպրոցը, իր երեխան, իր տունը: Սա բոլորը իրենն է: Պետք է սրան գիտակցորեն մոտենալ»:

Ասում են ու նաեւ դեռ երեւում է, որ անկախության պայքարը դեռ չի ավարտվել: Իսկ պայքարել արդեն պետք է ոչ թե անկախության, այլ ձեռքբերվածի երազած մակարդակին հասնելու համար:

Back to top button