Հասարակություն

ՀՀ նախագահի գերհագեցած աշխատանքային օրը

karenghazaryan
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային օրակարգի շրջանակներում նախ մասնակցել է «Արմենիա էքսպո 2015» ամենամյա ցուցահանդեսի բացմանը: Երկրի ղեկավարն այնուհետեւ ներկա է գտնվել մայրաքաղաքում կառուցված «Օպերա Սուիթ» հյուրանոցի և դրան հարակից տարածքում գտնվող Լևոն Անանյանի անվան Գրողների պուրակի բացման արարողություններին: Օրվա երկրորդ կեսին երկրի ղեկավարն այցելել է Կոտայքի մարզ: Ալափարս համայնում երկրի ղեկավարը ծանոթացել է «Կովկասֆրուդ» ընկերության գործունեությանը: Ընկերությունն այստեղ մոտ 36 հեկտար վարձակալած տարածքի վրա հիմնել է ընկուզենու եւ խնձորենու այգի, որը մշակվում է ժամանակակից տեխնոլոգիաներով:

 

ss-expo4

«Արմէքսպո-2015» տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսն արդեն 15-րդ անգամ մեկ հարթակում է հավաքում խոշորագույն հայրենական արտադրողներին եւ՝ ոչ միայն: Շատ ընկերություններ հայկական շուկային ներկայանում են առաջին անգամ:

Ֆարդինա Նուրման Դիփուրը Իրանից է: Ասաց, որ Հայաստանը Իրանի հարեւան եւ հարազատ երկիր է, հետեւաբար կարծում է, որ ավելի շատ միմյանց հետ գործնական հարաբերություններ պետք է ունենալ, քան ուրիշ երկրների հետ: Իր ներկայացրած ընկերությունը արտահանում է ընդեղեն եւ հույս ունի, որ ցուցահանդեսի միջոցով կգտնի գործընկերներ:

Ավելի քան 100 ընկերություններ, ասոցիացիաներ, միություններ, կազմակերպություններ և արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերեր են այս անգամ ներկայացել ցուցահանդեսին իրենց տաղավարներով: Նախորդ տարվա համեմատ ցուցահանդեսի մասնակիցներն ավելացել են 30 տոկոսով՝ ասաց «Արմէքսպո-2015» ցուցահանդեսի նախագծի ղեկավար Քրիստինե Պողոսյանը:

Հանրապետության Նախագահը շրջեց ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացավ հայրենական արտադրողների, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերի կողմից ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին: Սերժ Սարգսյանը զրուցեց ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի շուրջ:

opera suit2

Հայաստանում իր ծրագրերի հիմնական մասն ավարտին է հասցրել իտալական «Ռենկո» ընկերությունը: Ընկերության հերթական՝ «Օպերա սուիթ» հյուրանոցի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանն այսօր մասնակցեց Հայաստանի ղեկավարը: Հյուրանոցի բացումը կատարեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հյուրանոցի գլխավոր տնօրեն Մահմուդ Ահմեդը: Հանրապետության Նախագահը շրջեց միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում՝ ծանոթանալով իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին: Հյուրանոցի առանձնահատկությունները մեզ հետ զրույցում ներկայացրեց վաճառքի տնօրեն Ադրինե Սեդրակյանը:

opera suit

Գրողների միության հարեւանությամբ գտնվող հյուրանոցի կառավարիչ ընկերությունը նաեւ ձեռնարկել եւ ավարտին է հասցրել Լևոն Անանյանի անվան Գրողների պուրակը, որի բացումը նույնպես այսօր տեղի ունեցավ: Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը գոհ է:

Իտալական «Ռենկո» ընկերության փոխնախարար Կառլո Վերդելին ասաց, թե այս հյուրանոցի ղեկավարման մեջ իրենք Հայաստան են բերում եւ օգտագործելու են   նախկինում տարբեր երկրներում կուտակած ամբողջ փորձը:

«Օպերա սուիթ» հյուրանոցի գլխավոր տնօրեն Ահմեդ Մահմուդ. «Տեսանք, որ հյուրանոցի դիմաց՝ գրողների միության շենքին հարակից  կա այս փոքր այգին: Որոշեցինք վերանորոգել այն՝ ճիշտ ձեւով պահպանելու համար, քանի որ հասկանում ենք՝ այն շատ մեծ նշանակություն ունի Երեւանի համար»:

kotayq

Օրվա երկրորդ կեսին նախագահ Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում էր:  Ալափարս համայնում երկրի ղեկավարը ծանոթացավ «Կովկասֆրուդ» ընկերության գործունեությանը: Ընկերությունը մոտ 36 հեկտար վարձակալած տարածքի վրա հիմնել է ընկուզենու եւ խնձորենու այգիներ: «Կովկասֆրուդ» ընկերության տնօրեն Բագրատ Սարգսյանի փոխանցմամբ՝ տնտեսությունը հիմնելու համար ներդրվել է մոտ 700 մլն դրամ:

Ընկերության գյուղատնտես Հովիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում ինտենսիվ այգեգործության զարգացումը հրամայական պահանջ է:

Ժամանակակից տեխնոլոգիաներով այգիների մշակումը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը համարում է մեր գյուղատնտեսության ապագան:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ի դեպ, մեզ հետ զրուցում անդրադառնալով խաղողի մթերման հետ կապված խնդիրներին, ասաց, որ նախագահը կառավարությանը շատ խիստ հանձնարարական է տվել՝ գյուղացիների աճեցրած բերքը մինչեւ վերջին կիլոգրամը ամբողջությամբ, ժամանակին եւ անկորուստ պետք է մթերվի: Նախարարի փոխանցմամբ՝ աշխատանքներ են տարվում եւ սեպտեմբերի 21-ին, 22-ին բոլոր վերամշակող կազմակերպությունները կսկսեն մթերման աշխատանքները:

Կարդացեք նաև
Close
Back to top button