Էկոլրագրություն.նոր առարկա ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում


«Բնապահպանական խնդիրների լուսաբանման առանձնահատկությունները» ծրագրի շրջանակներում այսօր և վաղը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում կանցկացվի սեմինար բնապահպանական թեմաներով գրող լրագրողների և լրագրության ֆակուլտետների դասախոսների և ուսանողների համար: Սեմինարը Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիայի, ԵՊՀ Ռադիոհեռուստատեսային ամբիոնի և բնապահպանական տեղեկատվության հասարակական Օրհուս կենտրոնի նախաձեռնությունն է: Նպատակը ստեղծել լրագրողների խումբ, ովքեր հետագայում կաշխատեն նաև էկոլրագրության ասպարեզում` արդեն որպես մասնագիտացած լրագրողներ:
Նախաձեռնությունը շատ է կարևորում նաև ԵՊՀ դասախոս, բնապահպան Կարինե Դանիելյանը: Միևնույն ժամանակ գտնում է, որ ճիշտ մասնագետներ ունենալու համար միասյն դասախոսություններն ու տեսական գիտելիքները բավարար չեն, անհրաժեշտ են նաև գործնական դասընթացներ` ԵՊՀ պատերից դուրս:
Սեմինարի նյութերն, ի դեպ, կամբողջացվեն առանձին ժողովածուի մեջ, որն էլ հետագայում կհանդիսանա էկոլրագրություն առարկայի դասագիրք: Ուսանողները կկարողանան օգտվել նաև դասագրքի էլեկտրոնային տարբերակից, որը կկարողանան ներբեռնել ԵՊՀ կայքից: Բացի գործող դասախոսներից` դասախոսություններին կհրավիրվեն նաև ոլորտի փորձագետներ: