Հասարակություն

Առողջապահության նախարարն այցելել է թունավորված երեխաներին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  ԵՊԲՀ  «Մուրացան» համալսարանական  հիվանդանոցում այցելել է  թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում բուժում ստացող երեխաներին:

Այստեղ են բուժվում նաև  սեպտեմբերի 16-ին  «Թունավորում սնդիկի միացությամբ» ախտորոշմամբ  Մասիսից Երևան տեղափոխված 4-ամյա Սյուզին, ինչպես նաև պատահաբար  խաղողի վազերի համար նախատեսված բուժանյութը խմած 6-ամյա Գոռը, ով արդեն ապաքինվել է և պատրաստվում է դուրսգրման:

Սյուզիի առողջական վիճակը գնահատվում է կայուն: Երեխան շարունակում  է  ստանալ  հակաթունային թերապիայի կուրս:

Գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը և  կլինիկայի ղեկավար  Մարինե  Գրիգորյանը նախարարին են ներկայացրել փոքրիկների առողջական վիճակը, բուժման մանրամասները:

Նշվեց, որ վերջին տարիներին ավելացել է թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում բուժում ստացողների թիվը: Նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնապատկվել է կենցաղային բնույթի թունավորումներով հիվանդների թիվը։ 2014թ. արձանագրվել է  շուրջ 600 նման դեպք։ Բժիշկների խոսքով` դա հիմնականում ծնողների անուշադրությամբ հետևանք է:

Ծնողների հետ զրույցում նախարարը հորդորել է ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել երեխաների առողջության պահպանմանը և   հնարավորինս խուսափել  անուշադրության պատճառով ծագող կենցաղային թունավորումներից, որոնք կարող են անդառնալի հետևանքներ թողնել:

Մասնագետները հորդորում են  ծնողներին մեծ ուշադրություն դարձնել  քիմիական նյութերի, դեղերի պահպանման պայմաններին: Դրանք պահել երեխաների համար անհասանելի տեղերում, ինչպես նաև վտանգ ներկայացնող ըմպելիքները  պահել հատուկ, պիտակավորված փակ տարաներում` երեխաների տեսադաշտից հեռու:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ  Կալենտերյանի  մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում  Արմեն Մուրադյանը  հանձնարարել է, հաշվի առնելով երկրի կարիքները, ուսումնասիրել առկա վիճակը և մանկական ռեանիմոբիլների հասանելությունն առավել բարելավելու նպատակով ներկայացնել առաջարկություն:

Back to top button