Անկախ Հայաստանի փաստաթղթային տարեգրությունը մեծապես տուժեց 2008-ին. Ամատունի Վիրաբյան


Հայաստանի անկախության կերտման ու նորանկախ Հայաստանի պետական-պաշտոնական կյանքի առաջին փաստերը բնօրինակով պահվում են Հայաստանի ազգային արխիվում: Արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր լրագրողների հետ կիսվել է փաստաթղթերի պահպանման, ձեռքբերման խնդրներին առնչվող իր մտահոգություններով, դիտարկումներով: Չնայած արխիվում խիստ արժեքավոր շուրջ 350 մլն փաստաթուղթ կա, բայց Վիրաբյանը ափսոսանքով հիշում է, թե որքան թղթեր են մնացել պաշտոնյաների անձնական պահարաններում`գաղտնի, որքանը որպես վառելիք օգտագործվեց 90-ականների սկզբին կամ որքանը` արդարադատության շենքի հրդեհի ժամանակ: Հարց է, թե ինչեր են պահվում Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական արխիվներում:
Հայաստանի ազգային արխիվում պետական ամենակարեւոր փաստաթղթերն են պահվում` բնօրինակով` բացառությամբ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունների, ԱԱԾ-ի թղթերի, նախագահական աշխատակազմի: Սրանք այդ գերատեսչությունների սեփական արխիվներում եմ: Փաստաթղթերն արխիվ են փոխանցվում որոշակի վաղեմության հասնելուց հետո: Անկախ Հայաստանի փաստաթղթային տարեգրությունը մեծապես տուժեց 2008-ին Արդարադատության նախարարության շենքի հրդեհից, բազմաթիվ փաստաթղթեր անհետացան:
Խիստ մեծ էր կորուստը նաեւ 1990-ականների սկզբին. հետխորհրդային շրջանում արդեն նորանկախ Հայաստանին առնչվող շատ կարեւոր փաստաթղթեր չհասցրին արխիվացնել, դրանք խորհրդարանական սենյակներից տրցակներով անհետացան վառարաններում որպես վառելիք, առավել գաղտնիները մնացին պետական պաշտոնյաների անձնական չհրկիզվող պահարաններում` անհայտ ճակատագրով:
Արխիվը միշտ էլ դրանից տուժել է, երբ պաշտոնյաները իրենց ցանկությամբ են տնօրինել փաստաթղթերը` գաղտնի պահելով, ասում է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական արխիվներում պահվող գաղտնի փաստաթղթերի մասին տեղեկությունները երբեմն լեգենդների են վերածվում: Ու հարցն այն է, որ այդ փաստաթղթերը մեծապես վերաբերում են շուրջ 1000 տարի սեփական անկախությունը չունեցած ու նոր միայն պետականություն հիմնող Հայաստանին:
«Պատճեներ ունի, նույնիսկ մենք ենք պատրաստել տվել: Բնագիր, հիշում եք դատախազության հայտնի գործն էր` ՀՀՇ-ականներին առնչվող հարցով, 66 հատորով հետ ենք ստացել: Մնացածի մասին ավելին ասել չեմ կարող: Բայց ամեն դեպքում չի եղել մի փաստաթուղթ, որը մենք նախագահի աշխատակազմում չգտնենք»:
Հայաստանի անկախության հռչակագիրը օրինական կնիքներով հենց Հայաստանի Ազգային արխիվում է, մտահոգություններն անհիմն են, վստահեցնում է արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Ազգային արխիվում այսօր ընդհանուր առմամբ պահվում է շուրջ 350 մլն փաստաթուղթ: Դրանցից ամենահինը Շահ Աբասի մատանու կնիքով 1600-ականների փաստաթուղթ է: Ամենաարժեքավորն առանձնացնել Վիրաբյանը դժվարանում է: Շատ են, ասում է, կաթողիկոսական կոնդակներից մինչեւ պատմական-պետական փաստաթղթեր ու Նախիջեւան քաղաքի հիմնման որոշում: Մի քանի կյանքը չի հերիքի մեկ մարդուն ամբողջը ուսումնասիրելու համար, ասում է Ամատունի Վիրաբյանն ու շեշտում` Հայաստանի ազգային արխիվը միշտ բաց է բոլորի առջեւ, այդ թվում` թուրք պատմաբանների ու լրագրողների:
Արխիվային նյութերը վերջին տարիներին թվայնացվում են: Աբողջը թվայնացնելու կարիք չկա, ասում է Վիրաբյանը, 7 տոկոսը բավական է: Թվայնացումը լուծում է երկու խնդիր՝ մարդիկ ավելի արագ են փնտրում, գտնում տեղեկությունը, եւ բնագիրը այլեւս չի օգտագործվում, չի վնասվում եւ նույնիսկ չի կորչում: 2010 թվականից ի վեր թվայնացվել է մոտ 1 մլն փաստաթուղթ: Բայց միեւնույն է` Վիրաբյանը թղթերն էլեկտրոնայինից գերադասում է, պայքարում, որ իրենց այնուամենայնիվ փոխանցվեն ամեն օր ստեղծվող փաստաթղթերը` կառավարության որոշման ուժով: Ոչ հաշվապահական, ոչ անձնական փաստաթղթերը պետք չեն, միայն պատմական արժեք ունեցողները:
Հայաստանի Ազգային արխիվի տնօրենը մեկ այլ մտահոգիչ փաստ էլ է առանձնացնում: Տարեկան շուրջ 30 հազար քաղաքացի է դիմում իրենց` խորհրդային շրջանից պահված` իրենց առնչվող տեղեկությունների ստացման հարցով: Անցյալ տարվանից դրանց կեսից ավելին Ռուսաստանից ռուսերենով պահանջվող փաստաթղթեր են` աշխատանքային գրքույքի պատճեներ: Սա նախ նշանակում է, որ մեր աշխատանքային գրքույքկներին նրանք չեն վստահում, եւ երկրորդ, որ գնալով ավելի է մեծանում Ռուսաստանում աշխատանքի դիմողների թիվը: