Հասարակություն

Տեր Զաքարիան նշանակվել է Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանն ազատվել է Ծիսական-հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատուի պարտականություններից և նշանակվել Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն:

Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը (ավազանի անունը` Տիգրան) ծնվել է 1978 թ. մարտի 25-ին Երևանում:

1985-1995 թթ. սովորել է Երևանի թիվ 163, 177 միջնակարգ դպրոցներում:

1995-2000 թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:

2000-2001 թթ. սովորել է Գևորգյան Հոգևոր ճեմարանի Զ լսարանում:

2000 թ. դեկտեմբերի 25-ին` Ս. Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռնադրվել է սարկավագ:

2000-2001 թթ. Հայաստանի Ամերիկյան Համալսարանում հետևել է «Կառավարման դասընթացներ ճեմարանականների համար» ծրագրին:

2001 թ. հուլիս ամսին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ աշխատանքի է անցել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգում:

2002 թ. փետրվար-հունիս ամիսներին ուսանել է Դանիայի Օրհուս քաղաքի Diaconal Folk High School-ում` ուսումնասիրելով սոցիալական աստվածաբանություն:

2002 թ. օգոստոսի 26-ին պաշտպանել է ավարտաճառ Պետրոս արք. Բերդումյանի «Մեկնութիւն Ծննդոց» աշխատությունը թեմայով:

2003 թ. հուլիսի 14-22-ը` Ալբանիայում, մասնակցել է «Սինդեսմոսի» հոբելյանական XVII գագաթնաժողովին, իսկ սեպտեմբերի 3-15-ը` Երուսաղեմում, երիտասարդ աստվածաբանների էկումենիկ ‎ֆորումին:

2005-2007 թթ. Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի վարչական տնօրեն և սպասավոր սարկավագ հնդկահայոց եկեղեցիներում:

2007 թ. Կալկաթայում հրատարակել է «Արևմտյան Բենգալիայում թաղված հայ հոգևորականները» աշխատությունը:

2007-2008 թթ. աշխատել է Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում, 2008 թ. մայիսից կրկին աշխատանքի է անցել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգում:

2008 թ. մայիս ամսին հաջողությամբ հանձնել է Գևորգյան Հոգևոր ճեմարանի (աստվածաբանական համալսարան) ավարտական պետական քննությունները և ստացել որակավորման նոր վկայական` աստվածաբանության մագիստրոսի աստիճանով:

2008 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրատարակել է Պետրոս արք. Բերդումյանի «Աղբյուր բացյալ» (ավետարանական առակների մեկնություն) աշխատության աշխարհաբար առաջին թարգմանությունը` ծավալուն առաջաբանով և ծանոթագրություններով:

2009 թ. նոյեմբերին Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հոգևոր սպասավոր:

2010 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրատարակել է Պետրոս արք. Բերդումյանի «Մեկնութիւն Ծննդոց» աշխատության համեմատական բնագիրը` ուսումնասիրությամբ հանդերձ:

2011 թ. դեկտեմբերի 4-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերակոչվելով Զաքարիա աբեղա:

2011 թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի թիվ 1537 հրամանով պարգևատրվել է «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով:

2012 թ. հունվարի 20-ին հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Միջեկեղեցական բաժնում` որպես ծիսական-հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու:

2012 թ. Տ. Վահրամ քհն. Մելիքյանի հետ առաջին անգամ անգլերենից հայերեն է թարգմանել Գարեգին Ա Կաթողիկոսի «Քաղկեդոնի ժողովը և Հայ Եկեղեցին» կարևոր աշխատությունը, որը լույս է տեսել արտերկրում Գարեգին Ա Հայրապետին նվիրված Մատենաշարով:

2013 թ. մարտի 11-ին պաշտպանել է վարդապետական թեզ «Անապակ բաժակի խնդիրը Հայոց Եկեղեցում» թեմայով և ապրիլի 6-ին ձեռամբ Գերաշնորհ Տ. Նաթան արք. Հովհաննիսյանի ստացել մասնավոր վարդապետության աստիճան: Վարդապետական թեզը գրքի տեսքով լույս է տեսել նույն տարում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

2014 թ. Մայր Աթոռում հրատարակել է «100 հարց Ս. Հաղորդության մասին» աշխատությունը:

Հեղինակ է մի շարք աստվածաբանական, հայագիտական և հրապարակախոսական հոդվածների:

Back to top button