ՄշակույթՑեղասպանություն 100

Սերգեյ Փարաջանովի անվան թատրոնի հյուրախաղերը` Երեւանում

sonahakobyan
Երևանում սեպտեմբերի 22-ին կկայանա Մոսկվայի  Սերգեյ Փարաջանովի անվան թատրոնի հյուրախաղերը: Անվանի կոլեկտիվը, որը մարմնավորում է փարաջանովյան առեղծվածի զարմանալի գեղագիտությունը, հանդես կգա 2 ներկայացումով: «Արմենիադա» և «Կյանքը չես խաղա կրկին» ներկայացումները նվիրվում են ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ներկայացնելով երևանյան ցուցադրության մանրամասները` Նախագծի հեղինակ և բեմադրող ռեժիսոր Վլադիմիր Գաբբեն նշել է, որ թեև ներկայացումները նմա չեն միմյանց, դրանք 2-ն էլ հստակ պատկերացում ստեղծող գործեր են:

 

 

Սեպտեմբերի 22-ին և 23-ին  Մոսկվայի  Սերգեյ Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնը հայ հանդիսատեսին կներկայանա ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 2 բացառիկ ներկայացումներով: «Արմենիադան» բացառիկ բեմական լուծումներով, կինո-թատերական տարածության համադրությամբ  մի ներկայացում է, որը ժամանակակից հանդիսատեսին հնարավորություն է տալիս երևակայական ուխտագնացություն կատարել դեպի մեր նախնիների հայրենիք և մասնակցել նրանց հետ ընդմիշտ մահացած մեծ Երազի տոնին: Կախարդական լեզու, բեմական շշուկներ, բանաստեղծական հզոր խոսք, ազդեցիկ երգեցողություն, դերասանական հզոր խաղ, պոեզիայի և կենդանի երաժշտության համադրություն: Այս ամենի միջոցով Փարաջանովի թատրոնի հայ և ռուս դերասանները մեկնաբանում ու ներկայացնում են Հայաստան աշխարհն ու հայոց եղերական պատմությունը: Սեպտեմբերի 23-ին էլ թատերախումբը կներկայացնի «Կյանքը չես խաղա կրկին» գեղարվեստական ստեղծագործությունը: Նախագծի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Վլադիմիր Գաբբեն է:

«Յուրաքանչյուր բեմադրություն նման չէ մյուսին: Սակայն կարծում եմ` այս 2 աշխատանքները իսկապես պատկերացում ստեղծում են, քանի որ «Արմենիադան» մեր սրտի , մեր հոգու և մեր լարերի ճիչն է և խոսքը, իսկ «Կյանքը չես խաղա կրկին» բեմադրությունը  մեր մեծ պոետների Վիսոցկու, Օկուջավայի, Ցվետաևայի, Կապուտիյանի և Սևակի հոգու, ինտոնացիայի, ներքին երաժշտության  խաչմերուկներն են»:

Մշակույթի նախարարությունն առաջին իսկ օրվանից կարևորել է այս նախագծի իրականացումը և նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը վստահ է, որ հայ հանդիսատեսը ևս մեծ բավականություն կստանա ներկայացումներից:

Նշենք, որ «Արմենիադայի» պրեմիերան կայացել է այս տարվա ապրիլի 13-ին Մոսկվայի երաժշտության միջազգային տան մեծ դահլիճում: Նախագծի հեղինակը վստահ է, որ այս ներկայացումը մեծ հաջողություն է ունենալու համաշխարհային տարբեր բեմերում ` մեր ձայնը հասանելի դարձնելով հազարավոր մարդկանց:

Back to top button