Հասարակություն

Հիվանդության որ փուլում կարող եք ստանալ կուտակած ձեր կենսաթոշակը

lianaeghiazaryan

Կառավարությունը երեկ հաստատել է այն հիվանդությունների ցանկը, որոնք կենսաթոշակային մասնակցին իրավունք են տալիս իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնել: Ի՞նչ է ենթադրում այս կարգն ու ո՞ւմ վրա է այն տարածվում:

 

Կառավարությունն իր վերջին որոշումներից մեկով որոշակի հստակեցում մտցրեց, թե կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները երբ կարող են ամբողջությամբ պահանջել իրենց կուտակած միջոցները: Սահմանվել է հիվանդությունների կամ առողջական վիճակների ցանկ, որոնց առկայությունը թույլ է տալիս նման պահանջով դիմել առողջապահության նախարարությանը, ապա ռեեստր` միանվագ ստանալու կուտակած սեփական գումարները:

Դրանք հիմնականում արյան շրջանառության, չարորակ նորագոյացությունների հետ կապված ու այլ ծանր հիվանդություններն են: Այսինքն` հիվանդությունները,  որոնցով հիվանդանալու և նկարագրված ծայրահեղ վիճակներում գտնվելու դեպքերում անձի կյանքին անմիջական վտանգ է սպառնում  կամ նա ունի ամոքիչ պալիատիվ օգնության կարիք:

Սրտային անբավարարություն, լյարդի ցիրոզ, տուբերկուլյոզ, երիկամների քրոնիկական հիվանդություններ, շաքարային դիաբետ, նյարդային համակարգի հիվանդություններ եւ այլն` քրոնիկ ընթացքով:

Խոսքը, սակայն, ոչ բոլոր թոշակառուներին է վերաբերում, այլ կոնկրետ կուտակային համակարգի մասնակիցներին, ասում է առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

Կառավարության այս որոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համապատասխան կետի պահանջն է: Գումարները պետք է վերադարձվեն տասնօրյա ընթացքում, սահմանվում է նաեւ այն անձանց շրջանակը, ում միջոցով կարող է կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը ստանալ գումարը, եթե անձամբ ի վիճակի չէ ներկայանալ:

Եթե անձը ժամանակին չի դիմում կամ առողջական սուր խնդիրները թույլ չեն տալիս ստանալ այդ գումարները կյանքի ընթացքում, ապա կենսաթոշակային միջոցները ենթակա են ժառանգման` օրենքով սահմանված կարգով: Ընդ որում` սահմանված հիվանդությունները պարզապես առկայության դեպքում նման պահանջի հիմք չեն, դրանք պետք է լինեն բարդացած քրոնիկ փուլում:

Եւս մի ուշագրավ դրվագ: Այս գումարները չեն կարող վերադարձվել քաղաքացուն բուժման կազմակերպման նպատակով` հիվանդության ավելի վաղ փուլում:

Back to top button