Հասարակություն

Դպրոցից է սկսվում բարի հասարակություն կառուցելու գաղափարախոսությունը.Արմեն Աշոտյան

Հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցման քաղաքականության շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի թիվ 12 հատուկ և ներառական կրթություն իրականացնող Ջ. Կիրակոսյանի անվան Երևանի թիվ 20 դպրոցներ: Նախարարը շրջել է դպրոցներում, զրուցել մանկավարժների և աշակերտների հետ:

Հատուկ դպրոցում Արմեն Աշոտյանը ծանոթացել է դպրոցի պայմաններին` դասասենյակների և մարզադահլիճի հագեցվածությանը, քնի համար նախատեսված սենյակներին, աշակերտների սննդակարգին, իսկ Երևանի թիվ 20 դպրոցում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ձեռքի աշխատանքներին, նրանց ստեղծագործական ունակություններին:

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ այցի համար ընտրվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող  երեխաների համար նախատեսված երկու տիպի դպրոցներ` հատուկ դպրոց, որտեղ սովորում են` համապատասխան բժշկական ուղեգիր և ախտորոշում ունենալով, և ներառական կրթություն իրականացնող դպրոց:

“Անզեն աչքով տեսանելի է մթնոլորտի և տրամադրության, երեխաների հայացքների տարբերությունը: Ցավոք, այսօր ամբողջությամբ չենք կարող հրաժարվել հատուկ դպրոցներից, որովհետև կան որոշակի առողջական խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս բոլոր երեխաներին դառնալ ներառական կրթության շահառու, սակայն ակնհայտ է, որ ներառական համակարգի ներդրման պարագայում, ըստ նախնական հաշվարկների, այդպիսի երեխաների շուրջ 90 տոկոսի համար կարող ենք ստեղծել հավասար հանրային մատչելի պայմաններ նաև կրթության համար: Եվ այստեղ խնդիրը միայն կրթության որակի մեջ չէ. դպրոցից է սկսվում  բարի հասարակություն կառուցելու այն գաղափարախոսությունը, որը դրված է ներառականության հիմքում: Հասարակության ամեն անդամ պետք է ստանա իր կարիքին համապատասխան ծառայություն, այդ թվում` կրթության բնագավառում: Իհարկե, կատարվելու է երեխաների կրթական   կարիքների գնահատում, իրականացվելու է հսկայական մասնագիտական աշխատանք` տվյալ կարիքը բավարարելու համար, այս ամենը հատուկ ուշադրության է արժանի, բայց պակաս կարևոր չէ այն մթնոլորտը, որը ստեղծվում է:

Այս երեխաները վերադարձվում են հասարակություն` որպես լիարժեք անդամ: Ներառական համակարգում ներառված մանկավարժական և ծնողական համատեղ աշխատանքի տեսանելի արդյունք տված երեխաները լավագույն պատասխանն են բոլոր այն մարդկանց քննադատական կարծիքներին, ովքեր թերահավատ են մոտենում այս բարեփոխմանը: Իհարկե, դեռ հսկայական աշխատանք կա կատարելու` վարչական, մեթոդական, մանկավարժական և կառավարչական, ակնհայտ է, որ այսօր դեռևս չունենք ամենատարրական շարժական հասանելություն ապահովող միջավայր բոլոր դպրոցներում, ոչ բոլոր դպրոցների մանկավարժական ծառայություններն են հավուր պատշաճի, մասնագիտական հմտությունների և ուսումնական նյութերի, վերապատրաստումների, փոխադրամիջոցի խնդիր կա, բայց դա չի նշանակում, որ ներառական կրթություն պետք է չիրականացնել, մինչև բոլոր տեղերում չապահովվեն համախատասխան միջոցներ, որովհետև ճանապարհն անցնում է նա, ով անում է առաջին քայլը: Մենք այդ քայլն արել ենք, արել ենք համառ` երբե մն գնալով հասարակական կարծիքին դեմ, սակայն այսօր վայելում ենք հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունը: Համապատասխան օրենքն ընդունված է, կա ճանապարհային քարտեզ, մինչև 2025 թվականը գործողությունների հստակ ծրագիր, սակայն ամեն օր ենք մոտենալու մեր նպատակին, ամեն օր ենք իրականացնելու ներառական հասարակություն ունենալու մեր գաղափարը: Այստեղ շատ կարևոր է մարդկանց աշխարհայացքի փոփոխությունը, կարևոր է, որ սա չլինի լոկ օրենքի պահանջ: Ես հավատում եմ այս համակարգին, և այս երեխաներն իմ ամենաուժեղ դաշնակիցներն են:

Ով չի հավատում, թող չլինի  մանկավարժության մեջ և մեզ չխանգարի այս աստվածահաճո գործում: Այսպիսին` թիվ 20 դպրոցի նման պետք է լինի այն դպրոցի կոլեկտիվը, որը որոշում է դառնալ ներառական: Մենք վստահ ենք, որ ներառական կրթություն իրականացնող դպրոցներում երեխաներին տալիս ենք ավելի լավ ապագայի հույս և հնարավարություն: Այս փոքրիկ հասարակությունները, տվյալ պարագայում` դասարանները, արդեն գիտեն, որ իրենց կողքին կան և կարող են լինել երեխաներ, ովքեր մի քիչ տարբերվում են իրենց առողջական խնդիրներով, բայց այդ երեխաները ներառված են, իրենք կոլեկտիվի մի մաս են և ունեն նույն իրավունքը, ինչպես մնացած բոլոր երեխաները”,-նշել է Արմեն Աշոտյանը:

Back to top button