Արցախում մեկնարկել են Ֆրանսիական օրերը


Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Արցախում մեկնարկել են Ֆրանսիական օրերը: Դրանց շրջանակում Ստեփանակերտ են ժամանել մոտ երկու հարյուր հյուրեր ՝այդ թվում «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի, Արցախի համայնքների հետ բարեկամացած Ֆրանսիական քաղաքների, «Սատար Ղարաբաղին» միության եւ Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ,արվեստագետներ ու լրագրողներ։
Փառատոնի պաշտոնական մեկնարկը տրվել է այսօր Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում՝ Արցախի եւ Ֆրանսիայի բարեկամությունը խորհրդանշող «Հավերժություն» քանդակի հանդիսավոր բացման արարողությամբ: Քանդակի հեղինակը արմատներով Հալեպից է, այժմ ապրում է Մարսելում: Այսօր տեղի է ունեցել նաև «Պոլ Էլյուարի տուն» անունով ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնարկեքի արարողությունը:
Վաղը Ֆրանսիական օրեր փառատոնը հյուրընկալվելու է Շուշիում: Տեղի կունենա Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի բացումը: Այս ուսումնարանը նորույթ կլինի ոչ միայն արցախյան, այլև հայաստանյան կրթական համակարգում:Գործելու է ֆրանսիական մոդելով՝ մոտ 500 ուսանողների շինարարի կրթություն ստանալու հնարավորություն տալով:
Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում էլ տեղի կունենա անիմացիոն ֆիլմերի եվրոպական առաջատար «Ֆոլիմաժ» ստուդիայի աշխատանքների շնորհանդեսը։ Առաջիկա օրերին Շուշիում եւ Ստեփանակերտում ստուդիայի ֆիլմերի ցուցադրևություններ են նախատեսվում: Նաև ուսումնական դասընթացներ են սկսվել։
Վաղը Ստեփանակերտի Ս. Շահումյանի անվան պուրակում կանցկացվի Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամությունը խորհրդանշող բացիկների պատրաստման մրցույթ։Երեկոյան Վերածննդի հրապարակում կլինի ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորիի բացօթյա համերգը։
Այսօր տեղի կունենա նաեւ «Ղարաբաղ-Ֆրանսիա» եւ «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակների ու բարեկամացած քաղաքների ներկայացուցիչների համատեղ նիստ, որի ընթացքում կքննարկվեն տարբեր ոլորտներում՝ այդ թվում նաեւ կրթության, առողջապահության, մշակույթի եւ զբոսաշրջության, համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։