

«Ինտեր ՌԱՕ» ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը օտարելու առաջարկով, միաժամանակ առաջարկելով 100 տոկոս բաժնետոմսերը օտարել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը: Ի՞նչ է իրենից ներկայացնում «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»- ը, ինչո՞վ է զբաղվում, ճի՞շտ են լուրերն, թե սա օֆշորում գրանցված ընկերություն է: Էկոնոմիկայի եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարներն այս հարցերից որևէ մեկին պատասխան դեռ չեն տվել: Երվանդ Զախարյանը, սակայն, հայտարարել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության վաճառքից հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի վերանայվի:
Օրակարգային 27 հարց ու շուրջ 30 րոպե. կառավարության այսօրվա նիստում ընդգրկված հարցերից մի քանիսը մինչ նիստի մեկնարկը հանվեցին օրակարգից: Սակայն նիստի մեկնարկից մի քանի րոպե առաջ օրակարգ մտցվեց ուշագրավ մի նախագիծ՝ «ԻնտերՌԱՕ» ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ՀԷՑ- ը օտարելու առաջարկով: «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ն առաջարկում է ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը օտարել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:
Գերատեսչությունները երեք օր ժամանակ ունեն փաստաթղթերն ուսումնասիրելու համար: Ի՞նչ է իրենից ներկայացնում «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը, ինչո՞վ է զբաղվում, ճի՞շտ են լուրերը, թե օֆշորում գրանցված ընկերություն է: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճմշարիտյանը հարցերից որևէ մեկի պատասխանը չուներ։ «Ես տեղյակ չեմ, անվանումը, որը ներկայացվեց, դա դեռ ոչինչ չի ասում»,- հայտարարեց։
Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը 2010թ նոյեմբերին կիպրոսյան օֆշորում գրանցված ընկերություն է: Այս մասին առայժմ լռում է նաև էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նախարարը, սակայն, հստակ մի բան գիտի՝ վաճառքից հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի վերանայվի:
«Առայժմ չեմ կարող ասել։ Մեկ-երկու օրից՝ ուսումնասիրություններից հետո, բոլոր հարցերին մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի: Աուդիտի մասով արդեն կա հայտարարված մրցույթ, մինչև սեպտեմբերի 30- ը հայտեր են ընդունվում՝ աուդիտ անցկացնելու համար: Երևի իր բոլոր պարտավորությունները փոխանցվեն ընկերությանը: Սակագինն այսօր գործում է, ո՞նց կարող է այն վերանայվել: Վերջնական դիրքորոշում սակագնի վերաբերյալ կառավարությունը կունենա հանձնաժողովում կատարվող ուսումնասիրություններից հետո»։
ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» որոշումը: Որոշմամբ սահմանվեց, որ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում բացառապես ՀՀ տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումն ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից, եթե դրանք չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում։
ՀՀ կառավարությունը հաստատեց նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:
Գործադիրը հաստատեց նաև այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում քաղաքացին հնարավարություն կունենա կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ստանալ ամբողջությամբ: Դրանք են քաղաքացու կյանքին սպառնացող հիվանդություններն են՝ արյան շրջանառության համակարգի, չարորակ նորագոյացությունների, սրտային անբավարարության և այլ ծանր հիվանդությունները։
Կառավարության շենքի առջև այսօր կրկին հավաքվել էին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Այս անգամ նրանք ոչ թե աշխատավարձ, այլ աշխատատեղեր են պահանջում հայրենի կառավարությունից (մանրամասները՝ այստեղ)։