Մեկնարկեց Yerevan Jazz Fest 2015 փառատոնը


Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո Պրոդաքշն» ընկերության նախաձեռնությամբ այսօր մեկնարկում է «Yerevan Jazz Fest 2015» ջազ փառատոնը: Այն բաղկացած է երեք համերգներից, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Փառատոնին ելույթ կունենան ինչպես հայ, այնպես արտասահմանցի ջազմեններ, այդ թվում՝ աշխարհահռչակ ամերիկյան ջազ երաժիշտ Ռիշար Բոնան: «Yerevan Jazz Fest» փառատոնի մեկնարկն այսօր ազդարարվել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կայացած ամենակրտսեր ջազմենների բացօթյա ելույթով և մամուլի ասուլիսում:
Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջազային բաժնի սաների ելույթով Շառլ Ազնավուրի հրապարակում այսօր ազդարարվեց «Yerevan Jazz Fest 2015» փառատոնի մեկնարկը: Իրադարձություն, որին սպասում էր Երևանը: Երեք օր շարունակ մայրաքաղաքը կողողեն ջազի ռիթմերը: Փառատոնի կազմակերպիչներն են Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը։
Երևանում վերջին ջազ փառատոնը կազմակերպվել է 2006 թվականին: Ինը տարվա ընդմիջունմից հետո երաժիշտներն այս իրադարձությանը սպասում էին անհամբերությամբ: «Հուսանք, որ փառատոնը կդառնա շարունակական»,- ասում է հայկական ջազի լեգենդներից Արմեն Թութունջյանը՝ Չիկոն։
«Սա իրադարձություն է, որն անհրաժեշտ էր Երևանին, քաղաք, որը տարիներ շարունակ ապրել ու շնչել է ջազի ռիթմերով»,-ասում է երգչուհի Էռնա Յուզբաշյանը: «Yerevan Jazz Fest» փառառտոնին նա ևս երկարակեցություն է մաղթում։ «Ես կարծում եմ, որ սա մեծ իրադարձություն է, հնարավորոթյուն լսելու լավ երաժշիշտների, իսկ դա միշտ էլ տոն է: Հայաստանը ջազի հրաշալի վարպետներ է ունեցել և այսօր հսկայական ներուժ ունի: Լսեք, թե ինչպես են նվագում այս պատանիները, իմ աչքերում անգամ արցունքներ հայտնվեցին: Մեծ ցանկություն ունեմ, որ այս փառատոնը լինի շարունակական, որպեսզի Հայաստանում հնչի որակյալ և առողջ երաժշտություն»,- ասում է երգչուհին։
Մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ «Yerevan Jazz Fest» բաղկացած է երեք համերգներից, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Փառատոնին ելույթ կունենան ինչպես հայ ջազմեններ, այնպես արտասահմանցի, այդ թվում՝ աշխարհահռչակ ամերիկյան ջազ երաժիշտ Ռիշար Բոնան: