Ոսկրածուծի դոնորների ռեեստրը համալրվեց արմավիրցիներով


Սեպտեմբերի 19-ին առաջին անգամ նշվելու է ոսկրածուծի դոնորի միջազգային օրը։ Այդ կապակցությամբ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացնում են «Միլիոնավոր շնորհակալություններ» խորագրով արյունատվության բարեգործական ակցիա:
Մեկնարկն այսօր տրվեց Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքից: Բաղրամյանի տարածքի բնակիչները սեփական ցանկությամբ հանձնել են արյուն այն ակնկալիքով, որ նրանց արյան ցողունային բջիջները կարող է օգտակար լինել մել ուրիշին:
«Միլիոնավոր շնորհակալություններ» բարեգործական ակցիային արձագանքել են Արմավիրի մարզի բնակիչները, որոնք պատրաստ են արյուն նվիրաբերել այն գիտակցումով, որ կարող են մեկ կյանք փրկել: Արյան հիվանդություններով հիմնականում հիվանդանում են երեխաները և մեր օգնության կարիքն ունեն: Մյասնիկյան համայնքի «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնում արյունը նվիրաբերելու առաջին գործը նախաձեռնեցին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի աշխատակիցները:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը նշեց, որ համատեղ նախաձեռնության նպատակն է իրազեկել հանրությանը ոսկրածուծի դոնորների մասին՝ ձևավորելով արյուն նվիրաբերելու մշակույթ, ինչպես նաև կոչ անել՝ միանալու ոսկրածուծի՝ ցողունային բջիջների փոխպատվաստման միջոցառումներին:
Աշխարհում գրանցված է մոտ 25 միլիոն ոսկրածուծի նվիրատու կամ դոնոր, որից 27000-ը՝ Հայաստանում: Նրանց ցողունային բջիջները պահվում են ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում և կարող են օգտակար լինել ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի տարբեր երկրներում ապրող հիվանդների համար, եթե համապատասխանի հիվանդի ցողունային բջիջներին:
Ընտանիքի անդամների ցողունային բջիջները պետք է համատեղելի լինեն, որպեսզի կարողնան օգնել հարազատներին: Ոսկրածուծի նվիրատուների մասին ավելի հանգամանալից ներկայացրեց «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի բժշկական տնօրեն, պրոֆեսոր Միհրան Նազարեթյանը:
27000 արյան հայ նվիրատուների թիվը նախատեսել են հասցնել 30000-ի: Միհրան Նազարեթյանը տեղեկացրեց, որ նրանց միայն 60 տոկոսն է հայաստանցի, մյուսները՝ սփյուռքահայեր են: Հայ նվիրատուն կարող է օգնել հայ հիվանդին, այս դեպքում հանավանակությունն ավելի մեծ է:
Մյասնիկյան գյուղի բնակիչ Հայկ Սարգսյանը դոնորության փորձ արդեն ունի և այսօր հերթական նվիրատվությունը կատարեց, պատրաստ է դառնալ մշտական դոնոր։ «Ունեմ առողջ օրգանիզմ և արյան դոնորության փորձ, կարող եմ մշտապես օգնել մարդկանց»,- ասում է։
Արյան նվիրատվությունը հանրապետությունում կշարունակվի ևս 2 օր, իսկ սեպտեմբերի 19-ին՝ ոսկրածուծի դոնորի միջազգային օրը, Երևանի Գաֆեսճյան արվեստի կենտրոնի քանդակների պարտեզում երևանցիները հնարավորություն կստանան համալրելու դոնորների ռեեստրը: