Մեկնարկում է «Գութան» փառատոնը


Սեպտեմբերի 28-ին Գաֆէսճյան քանդակների պարտեզում Երևանի քաղաքապետարանի և մշակույթի նախարարության աջակցությամբ կմեկնարկի «Գութան 2015» Հայաստանի ազգագրական երգի -պարի փառատոնը։ Կմասնակցեն ազգային համույթներ, որոնք կներկայացնեն Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը, ինչպես նաև ավանդական երգի ու պարի երախտավորներին նվիրված կարճաժամկետ ֆիլմերի ցուցադրություններ: Անցած տարի մեկնարկած «Գութան» փառատոնի կազմակերպիչ, «Մրրո» Հայ ազգային երգարվեստի կենտրոնի ղեկավար Արսեն Գրիգորյանի նպատակն է այն դարձնել ամենամյա եւ ժողովրդին տալ ավանդական ու մոռացված երգերն ու պարերը վերհիշելու հնարավորություն:
Դրվագը նախորդ տարվա «Գութան» ազգային երգի-պարի փառատոնից է: Անցած տարի մեկնարկած փառատոնն այս տարի ևս կունենա հնարավորություն՝ ունկնդրին կենդանի հնչողությամբ ներկայացնել ազգային՝ նաև մոռացված ստեղծագործությունները: Փառատոնի կազմակերպիչ, «Մրրո» Հայ ազգային երգարվեստի կենտրոնի ղեկավար Արսեն Գրիգորյանի նպատակն է այն դարձնել ամենամյա՝ վերապրեցնելով հինն ու մոռացվածը, այն անաղարտորեն փոխանցել նաև մատաղ սերնդին:
Արժևորել ու գնահատել ազգագրության բնագավառի երախտավորներին, սա փառատոնի կարևորագույն մասն է, ասում է կազմակերպիչը: Ամեն տարի ընտրում են երախտավորների ծաղկաբույլ, որոնց մասին էլ պատրաստվում են կարճամետրաժ ֆիլմեր՝ հնարավորություն տալով երիտասարդներին՝ ճանաչել ազգային երգ ու պարի մեծերին: Նախորդ տարի պատրաստվել էր մի ֆիլմ Հայրիկ Մուրադյանի մասին։ Այս տարի եւս կներկայացվի նոր տեսաֆիլմ ազգագրական երգերի այս հրաշալի կատարողի մասին, ասում է փառատոնի կազմակերպիչ Արսեն Գրիգորյանը:
«Քանի որ տարին հոբելյանական է՝ 110-ամյակն է նշվում»:
«Կարին»ավանդական երգի պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքով՝ այս փառատոնը լուծում է գերխնդիր՝ հեռուստատեսությունն այսօր հեղեղված է օտարամոլ երաժշտությամբ ու պարերով, իսկ այս փառատոնը մատաղ սերնդին հայեցի դաստիարակելու, ազգային արմատներին վերադարձնելու գործում կարևոր հարց է լուծում: Այս տարի փառատոնը հանդես կգա նորամուծությամբ: Հայաստանից և Արցախից մասնակից յուրաքանչյուր խումբ ներկայացնելու է ամբողջական Հայաստանի մի տարածաշրջանի մշակույթ:
Այն, որ «Գութանը» մատաղ սերնդին իր ազգային արմատներին հավատարիմ դաստիարակելու գործում մեծ նշանակություն ունի հաստատում է նաև «Նուբար» ազգագրական խմբի ղեկավար Լուսինե Նազարյանը: Ըստ նրա՝ այս փառատոնում պետք է ներգրավել շատ ու շատ երիտասարդների:
Իսկ «Ակունք» ազգագրական համույթը դեռևս երկմտում է Շատախի կամ Շիրակի դաշտավայրի մշակույթը ներկայացնելու մեջ: Համույթի ղեկավար Սարգիս Ալավերդյանը, սակայն, նշում է, որ իրենց համար կարևորը ստեղծագործությունները բնօրինակին հավատարիմ ներկայացնելն է:
Կազմակերպիչները լիահույս են, որ մի օր համշենահայերից կազմված համույթներն էլ կմասնակցեն ազգային երգ ու պարի այս փառատոնին: