ՀասարակությունՑեղասպանություն 100

Հայ ժողովուրդը մարտնչող է, իր իրավունքները գիտակցող.միջազգային գիտաժողով՝ ԵՊՀ-ում

karenghazaryan
Մուսա Լեռան հերոսական ինքնապաշտպանության հիմնական դասը ժամանակակիցներիս համար պետք է մեկը լինի՝  հայ ժողովուրդը հաղթանակ է տանում միայն այն դեպքում, երբ հույսը դնում է իր վրա: Եթե ցանկանում ես, որ քո խնդրով որեւէ տերություն շահագրգռվի, ապա պետք է քեզանից ինչ-որ բան ներկայացնես: Լրանում է Մուսա Լեռան հերոսամարտի 100-ամյակը: Այդ հերոսական ինքնապաշտպանության 100-ամյակի կապակցությամբ այսօր ԵՊՀ-ում անցկացվել է միջազգային գիտաժողով:

 

Մուսա Լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի հանձնաժողովի ղեկավար Եսայի Հավաթյանը նկատեց, որ առաջին անգամ  է Մուսա Լեռան հերոսամարտին նվիրված գիտաժողով անցկացվում ԵՊՀ-ում: Գիտաժողովի անցկացմանը օժանդակել է նաեւ Սփյուռքի նախարարությունը: Գերատեսչության փոխնախարար Սերժ Սրապիոնյանը կարծում է, որ հերոսամարտի վերագնահատումը նորություն եւ թարմություն կբերի հերոսամարտի պատմությանը:

«Այսօր, Եղեռնի 100-րդ տարելիցի ընթացքում,  ավելի քան կարիքը կա գումարելու այսպիսի գիտաժողով, որպեսզի փարատվի այն թյուր կարծիքը, որը առկա է մի շարք նաեւ օտար հետազոտողների ու պատմաբանների մոտ, թե՝ հայ ժողովուրդը պարզապես 100 տարի առաջ զարմանալի համակերպությամբ մորթվեց: Այս կարծիքը պետք է փարատել եւ ցույց տալ, որ հայ ժողովուրդը մարտնչող է, իր իրավունքները գիտակցող եւ այդ գիծը շարունակվեց նաեւ 2.5 տասնամյակ առաջ ղարաբաղի հերոսամարտերում»:

Մուսա Լեռան ինքնապաշտպանությանը դիմելով՝ մուսալեռցիները կարողացան խուսափել ջարդերից: Այս հերոսական ինքնապաշտպանությունն ապացուցեց, որ սխալ են եղել այն հայ քաղաքական ուժերը, որոնք 1908-ից հետո արեւմտահայ զանգվածների ինքնապաշտպանության կազմակերպման գործը մղել են հետին պլան՝ տարվելով թուրքական սահմանադրական կարգախոսներով: Այս կարծիքը մեզ հետ զրույցում հայտնեց ԵՊՀ պատմության ֆակույտետի պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը:

«Ժամանակակիցներիս համար հիմնական դասը հետեւյալը պետք է լինի՝  մենք հաղթանակ ենք տարել միայն այն դեպում, երբ որ ինքներս մեզ վրա ենք հույս դրել: Դու ինքդ պիտի ապավինես սեփական ուժերիդ, իսկ եթե   ցանկանում ես, որ քո խնդրով որեւէ տերություն շահագրգռվի, ապա դրա համար դու քեզանից ինչ-որ բան պետք է ներկայացնես: Հաղթողի կողքին են կանգնում, պարտվողի աղերսանքներին ոչ ոք տուրք չի տալիս: Ահա, սա էր հիմնական դասը»:

Գիտաժողովին մասնակցում էին նաեւ Լիբանանից ժամանած մուսալեռցի մեր հայրենակիցները: Անջարից եկած Լեւոն Թաշյանի պապը Մուսա Լեռան հերոսական ինքնապաշտպանության մասնակիցներից է եղել եղել:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը տեղեկացրեց, որ գիտաժողովին զեկուցումներ շատ են ներկայացվել, սակայն, նախապատվությունը հնարավորինս տրվել եւ ընտրվել են այնպիսի թեմաներ, որոնք համեմատաբար ավելի քիչ են ուսումնասիրվել:

«Ներկայացվել է Մուսա Լեռան հերոսամարտն իր ամբողջության մեջ՝ սկսած հերոսամարտի ռազմական գործողություններից: Այլ կերպ ասած՝ զեկուցումների թեմատիկան ընտրված է նոր ուսումնասիրության կարոտ հիմնախնդիրներ վեր հանելով»:

Գիտաժողովի արդյունքները կամփոփվեն եւ ներկայացված զեկուցումները կհրապարակվեն առանձին գրքով:

Back to top button