Խորհրդարանում ստորագրահավաք է


Այս պահին խորհրդարանում ստորագրահավաք է ընթանում՝ սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու համար: Այն նախաձեռնել է Հանրապետական խմբակցությունը: Այս մասին այսօր՝ աշխատանքի մեկնարկին հայտարարել է Աժ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկում այսօր չենք հասցնի ավարտել և այդ պատճառով էլ այժմ ստորագրահավաք է կատարվում` արտահերթ նիստ հրավիրելու համար», -հայտարարել է Սահակյանը:
Հիշեցնենք, որ այսօր Աժ-ի քառօրյա աշխատանքների վերջին օրն է, բայց ՀՀ Սահմանադրության փոփխությունների նախագիծը Հանրաքվեի դնելու համաձայնություն տալու մասին հարցը դեռ հիմնական զեկուցող՝ սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին հարցերն ուղղելու փուլում է:
Փոփոխությունները նախաձեռնողները հաշվարկել էին, որ հարցի քննարկումը պետք է ավարտվեր այս քառօրյայի ընթացքում, ինչից հետո վերամշակվեին ստացված առաջարկությունները, իրականացվեին համապատասխան փոփոխություններն ու հաջորդ քառօրյային նախագիծը կրկին ներկայացվեր քննարկման: