ԿարևորՏնտեսական

«Ինտեր ՌԱՕ»-ն դիմել է ՀՀ կառավարությանը՝ օտարելու ՀէՑ-ը

hasmikdilanyan
«Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը օտարելու (այսուհետև՝ գործարք) մտադրության մասին: Հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
 
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով կհանձնարարվի շահագրգիռ մարմինների ղեկավարներին (ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ ֆինանսների նախարարին եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարին)՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման եւ մրցույթին մասնակցելու սկզբունքները հաստատելու մասին» N 668 որոշմամբ հաստատված ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման եւ մրցույթին մասնակցելու սկզբունքները՝ պահանջել համապատասխան փաստաթղթեր, ուսումնասիրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել եւ մշակել պայմանագրի նախագիծ, որով «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը ամբողջովին կստանձնի ՀՀ կառավարության եւ «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջեւ 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից բխող գնորդի բոլոր պարտավորությունները (այդ թվում` այն պարտավորությունները, որոնք «Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» եւ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված են ռազմավարական ներդրողի համար):
 
Կհանձնարարվի նաև ուսումնասիրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության եւ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության միջեւ կնքվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարման պայմանագիրը եւ տալ եզրակացություն:
Հատկանշական է, որ նախագիծը նիստի օրակարգ է ընդգրկվել կառավաության նիստի մեկնարկից րոպեներ առաջ:
Back to top button