Երեւանում Գերմանիայի դեսպանությունը շարունակում է տրամադրել վիզաներ


Երեւանում Գերմանիայի դեսպանությունը շարունակում է տրամադրել վիզաներ Շենգենյան համաձայնագրի երկրների համար: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Գերմանիայի դեսպանությունը հանգամանքների բերումով տալիս է հետեւյալ պարզաբանումը.
Օրերս Գերմանիան ժամանակավորապես սահմանային ստուգումներ է վերսկսել Ավստրիայի հետ իր սահմանին: Այս քայլի նպատակն է կրկին վերադառնալ Գերմանիա մուտք գործելու համար հաստատված ընթացակարգին: Սա են թելադրում անվտանգության պահանջները, եւ այսպես նախատեսված է սահմանների վերաբերյալ շենգենյան օրենսդրությամբ:
Այդուհանդերձ՝ սա ոչ մի պարագայում չի նշանակում Շենգենյան համաձայնագրի դադարեցում: Երեւանում Գերմանիայի դեսպանությունը շարունակում է տրամադրել վիզաներ Շենգենյան համաձայնագրի երկրների համար: Դեսպանությունը փոխարինաբար վիզաներ է տրամադրում նաեւ Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Ավստրիայի եւ Շվեդիայի համար»: